Բավ է պառակտվել
23-07-2019 16:49

Հայաստանցիների համար ավելի հեշտ կլինի ստանալ Ռուսաստանում կեցության թույլտվություն

Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների ծագում ունեցողներին ավելի հեշտ կլինի ստանալ Ռուսաստանում ժամանակավոր կեցության թույլտվություն։

Ինչպես տեղեկացրել է “Պառլամենտսկայա գազետա”-ն, Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենքը, որը նախատեսում է մեղմել միգրացիոն օրենսդրությունը և պարզեցված կարգով ժամանակավոր բնակության (ԺԲԹ) և ժամանակավոր կեցության թույլտվություն (ԺԿԹ) տալ օտարերկրացիների ավելի լայն շրջանակի։

“Նրանք, ովքեր արմատներով կապված են մեր երկրի հետ և խոսում են ռուսերեն, ով ունի այստեղ ապրող հարազատներ, ով այստեղ կրթություն է ստացել և պատրաստ է աշխատել ի բարօրություն Ռուսաստանի չպետք է բախվեն բյուրոկրատական քաշքշուկի հետ։ Այս քաղաաքցիների Ռուսաստանում բնակվելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ձևակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում”,- ավելի վաղ ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Խոսնակը հիշեցրել է, որ “ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հանձնարարել նախապատրաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները”։

“Պետության ղեկավարի կողմից հետևողականորեն իրագործվում է մեր այն հայրենակիցներին աջակցելու քաղաքականությունը, ովքեր բնակվում են այլ երկրներում, բայց ցանկանում են ապրել Ռուսաստանում։ Առաջին հերթին, դա վերաբերում է այն անձանց, ովքեր իրենց երկրներում դարձել են քաղաքական հակամարտությունների և պատերազմների զոհ․ հիշեցնեմ, որ Ռուսաստանի նախագահը պարզեցրել է ռուսական քաղաքացիություն ստանալու գործընթացը Դոնբասի բնակիչների համար։ Եվ Պետդուման կաջակցի հետագա քայլերին՝ ուղղված մեզ հետ ընդհանուր լեզու, ընդհանուր պատմություն և մշակույթ ունեցող մարդկանց նկատմամբ արդարության վերականգնմանը”,- շեշտել է Վոլոդինը։

Համաձայն օրենքի, մասնավորապես, քվոթայից դուրս ԺԿԹ ստանալու իրավունքից կարող են օգտվել քաղաքացիները, ովքեր ծնվել են Ռուսաստանի տարածքում, հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացի կամ չունեն քաղաքացիություն և ունեն փախստականի կարգավիճակ կամ ՌԴ-ում ժամանակավոր կացարան, տեղափոխվում են Ռուսաստան մշտական բնակության՝ վերաբնակության և փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակներում, որը կնքվել է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիստանի, Լատվիայի, Վրաստանի և այլ պետությունների հետ։

Առանց նախնական ԺԿԹ ձևակերպելու ԺԲԹ ստանալու իրավունք կտրամադրվի մի խումբ օտարերկրացիների, այդ թվում՝ ՌՍՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող անձիք, Ռուսաստանի տարածքում ծնված երեխաները, ում օտարերկրացի ծնողներն ունեն կեցության թույլտվություն, քաղաքացիներն, ում ծնողները կամ երեխաները ունեն ՌԴ քաղաքացիություն և մշտապես այդտեղ են բնակվում, կես տարուց ոչ պակաս Ռուսաստանում որպես որակավորված մասնագետ աշխատած օտարերկրացիները, երկրում բնակվող անձինք, ում ՌԴ քաղաքացիությունը դադարեցվել է (բացի ՌԴ ՔՕ ծանր հոդվածներով, նախ և առաջ՝ ահաբեկչության համար դատապարտվածների), ռուսաստանյան բուհերը գերազանցությամբ ավարտած օտաերկրացիները։

Միաժամանակ, ԺԲԹ հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի կես տարուց մինչև չորս ամիս, իսկ ԺԿԹ-ն պետք է դառնա անժամկետ։