Բավ է պառակտվել
26-03-2020 13:29

18 առողջացած, 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս եկած․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից մեկն ԱՄՆ քաղաքացի է, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսկ մյուս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մյուս պացիենտը ՀՀ քաղաքացի է։
«Առողջացածների ընդհանուր թիվը 18 է, մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել: Մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում։ Այսինքն՝ հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ, և այսօր առավոտյան Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ մենք ունեցանք քննարկում ու որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք ըստ էության մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ ու մեր հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու մյուս կարիքները», - ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է վարակակիրներին, Փաշինյանն ասաց, որ նրանց մեծ մասը թեթև է տանում հիվանդությունը։ Քննարկվում է այդ մարդկանց հյուրանոցներում տեղավորելու հարցը՝ հիվանդանոցները բեռնաթափելու համար։ Փաշինյանի խոսքով՝ դա տնտեսապես ձեռնտու կլինի նաև հյուրանոցներին, որոնք այս շրջանում ազատ են։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Իսրայելում արդեն անցել են նման միջոցառումների և մոտ 1000 թեթև հիվանդի պահում են հենց հյուրանոցներում։
Փաշինյանը նշեց նաև, որ մտածում են, թե ինչպես աջակցեն հյուրանոցներին։
«Պետք է նրանց հետ բանակցել, որ այս պայմաններում այնպիսի գներ առաջարկեն, որոնք շուկայական չեն։ Պարետատունն այդ առումով կաշխատի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանն էլ այդ կազմակերպություններին կոչ արեց կապվել Զբոսաշրջության կոմիտեի հետ ու նաև տրամադրել գնային առաջարկներ։
Վարչապետն էլ հավելեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի տարածման սցենարը վատագույն սցենարով չէ, այլ լավագույն սցենարներին մոտ է։
«Մենք տեսնում ենք՝ այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա, փառք Աստծո, այս պահի դրությամբ չկա։ Կա աճ, կա որոշակի աճ։ Իսկ այս վիճակը պահելու համար էլ անհրաժեշտ է պահպանել տանը մնալու ռեժիմը։», – ասաց Փաշինյանը։

 

 

Արմինե Գևորգյան