Բավ է պառակտվել
13-07-2022 10:55

Հրդեհների առաջացման բարձր վտանգ. ԱԻՆ-ը սկսում է ուժեղացված պարեկություն՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ

Հայաստանի ԱԻՆ-ն անցնում է ուժեղացված ծառայության հնարավոր հրդեհները կանխելու համար, որոնց առաջացման վտանգը մեծացել է շոգ եղանակի պատճառով։
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն նախարար Արմեն Փամբուկչյանի գլխավորությամբ, ում զեկուցվել է այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացվել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում:

Հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ․ էլեկտրոնային եղանակով հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:

Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում: Հատուկ ուշադրության և կարևորության արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:

Հայհիդրոմետկենտրոնի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տարածքը շարունակում է մնալ Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ։ Այդ պատճառով Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի 39-42 աստիճանի։