Բավ է պառակտվել
13-12-2021 16:55

Զինվորական նշանակության վրանների հափշտակության և վաճառքի համար կալանավորվել են Հայաստանի ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ

Զինվորական նշանակության վրանների հափշտակոթւյան և վաճառքի համար կալանավորվել են Հայաստանի ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամլո ծառայությունը։

Քննության արդյունքում պարզվել է, որ պաշտպանության նախարորության N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիս ամսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության 6 հատ չօգտագործված վրանը։

Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն 6 վրանները հաշվառել են իբրև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։

Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն պայմանավորվել են վաճառել հափշտակված վրանները պաշտպանության նախարարությանը։ Իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։

Բացի այդ, հափշտակված գույքը պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021 թվականի օգոստոսի 10-ին այցելել են ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են Ա.Թ.-ի հետ և ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն:

Գնդապետ Ա.Թ.-ն նախաձեռնել է նշված թվով 6 վրանները պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերման գործընթաց, օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: