Բավ է պառակտվել
12-05-2021 11:11

Հայաստանի ԶՈւ բարձրաստիճան սպա մեղադրվել է պետական դավաճանության մեջ (տեսանյութ)

Հայաստանի ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։

ԱԱԾ մամլո ծառայության հաղորդմամբ՝ քննության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, ինչպես նաև ստեղծելով կազմակերպված խումբ, որն ապօրինի ձեռք է բերել և պահել զենք և ռազմամթերք։

Կասկածյալը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հավաքագրվել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների կողմից և նրանց է փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, զինված ուժերի, սպառազինությունների Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության մասին տեղեկություններ։

Օգտագործելով զինված ուժերում կապերը, նա իր տանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, սպառազինության և ռազմական (այդ թվում՝ ծանր) տեխնիկայի քանակների ու տեսակների վերաբերյալ տեղեկություններ, որոնք փոխանցել է թշնամական հատուկ ծառայություններին Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան տարածքում հանդիպումների ժամանակ։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված սպան կամակերպված խմբի կազմում զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերմամբ և Հայաստան ներմուծմամբ։ Խոսքը 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտների մասին է, որոնք վաճառվել են օտարերկրյա պետության քաղաքացուն շուրջ 7,47 մլն դրամով (մոտ 14.3հազ․ դոլար)՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վերոնշյալից բացի, նա ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, ատրճանակներ, նռնակներ, փամփուշտներ և այլ զենք։

ԱԱԾ-ից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում բարձրաստիճան զինվորականին ներկայացվել է մեղադրանք, նա կալանավորվել է։ Պետական դավաճանություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար: