Բավ է պառակտվել
23-06-2016 21:16

Հռոմի պապի այցը Ծիծեռնակաբերդ մարտահրավեր կլինի Թուրքիայի համար

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի` Հայաստան կատարելիք այցի նախաշեմին հանդես է եկել վերլուծական անդրադարձով, որում, մասնավորապես, դիտարկել է Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու թուրքական կողմի ժխտողական դիրքորոշմանն առնչվող հարցերը:

«Հռոմի պապի եռօրյա այցի կուլմինացիոն պահը լիելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ այցը, որտեղ հնչեցրած նրա աղոթքները լսելի կլինեն ամբողջ աշխարհում: Հռոմի պապի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ի հակադրություն Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության, բարոյական հզոր քայլ կլինի: Փաստացի Ֆրանցիսկոս պապն ամբողջ աշխարհի առաջ ամենասրբազան վայրում բացեիբաց մարտահրավեր կնետի իր գործած սարսափելի հանցանքը պատմության էջերից ջնջելու փորձեր անող Թուրքիային»,-գրել է Արամ Համբարյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ պոնտիֆիկոսի այցը կստիպի ԱՄՆ-ի իշխանություններին վերջ տալ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

2015թ. ապրիլի 12-ին Հռոմի պապը «ցեղասպանություն» է որակել 1915թ. տեղի ունեցած դեպքերն ու Վատիկանում պատարագ մատուցել` ի հիշատակ բոլոր նահատակների:

«Նախորդ դարում մարդկությունն անցել է 3 զանգվածային ու աննախադեպ ողբերգությունների միջով: Դրանցից առաջինը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, տեղի է ունեցել հայ ժողովրդի` աշխարհում առաջին քրիստոնյա ազգի հետ: Մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, հակառակ դեպքում` մենք թույլ կտանք, որպեսզի չարիքն անընդհատ բացի հին վերքերը: Չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արնահոսող վերքը չվիրակապելուն»,-պատարագից առաջ ասել է Պապը: