Բավ է պառակտվել
10-08-2020 13:30

Վլադիմիր Գասպարյանի և «Ազատության» լրագրողների միջև միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Գասպարյանը ձերբակալված չէ:
Այս մասին տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է Սևանա լճի ափին գտնվող ապօրինի մասնավոր տների եւ այլ շինությունների մասին ռեպորտաժ պատրաստած իրենց լրագրողների աշխատանքը:
Գասպարյանը մեքենան ուղղել է լրագրողների վրա՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գնդակահարել» , «սպանել» , ինչպես նաև հայհոյելով պահանջել ցույց չտալ իր առանձնատունը ։

Ըստ մամուլի հրապարակումների ՝ Սևանի ափամերձ հատվածում առանձնատուն ունի նաև Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Հետագայում պարզվեց, որ նշյալ տրանսպորտային միջոցը կվադրոցիկլ էր, իսկ նախկին ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ լրատվամիջոցը խախտել է Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ նրա անձնական տարածքում նկարահանումներ կատարելով դրոնի օգնությամբ:

Ավելի ուշ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ՝ կապված "Ազատության" աշխատակիցների գործողությունների հետ:


«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը։


Նշենք, որ լճի ափերը ապօրինի կառույցներից ու աղբից մաքրելու գործընթաց է սկսելու մասին ասել էր Շրջակա միջավայրի նախարարությունը։

 

 

Արմինե Գևորգյան