Բավ է պառակտվել
16-05-2019 20:27

Պայուսակ էր, սենց հետս ձեռքս ման եմ տալիս իշխանությունը, ու հանձնում եմ Սերժին


«Տարվա ընթացքում նման 200 հրաման է լինում։ Ոչ 0038, ոչ 0037, ոչ 0036, ոչ էլ 0200 հրամանները ես չեմ տեսել։ Պաշտպանության նախարարի հրամանները նախագահին չեն ներկայացվում»,– ասաց Քոչարյանը։
Այդուհանդերձ, Քոչարյանը չթաքցրեց, որ ինքը համաձայն է հրամանի բովանդակության հետ։

«Այդ հրամանը ճիշտ հրաման է, ճիշտ ժամանակին և, կարծում եմ, կանխեց հնարավոր շատ վատ զարգացումները։ Բայց որևէ հրահանգ, որևէ կարգադրություն չի եղել»,– ասաց Քոչարյանը։
Քոչարյանը խոսեց նաև առաջադրված մեղադրանքի մասին, որտեղ գրված է. որ ամեն գնով ցանկանում էր իր մտերիմ Սերժ Սարգսյանին իշխանությունը հանձնել: Նա դատարանին հիշեցեց,որ Սահմանադրության 50 հոդվածով ՀՀ նախագահը ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից 5 տարի ժամկետով, իսկ դա նշանակում էր, որ իր լիազորությունները 5 տարին լրանալուց հետո ավարտվում են:
«Ես չգիտեմ ինչի՞ց են դատախազությունը որոշել, ո՞ր օրենքների վրա հիմնվելով, որ ես հանձնում եմ իշխանությունը ինչ-որ մեկին: Ես իշխանությունը չեմ հանձնում, ժամկետը լրանում է…Ինձնից կախված չէր՝ Սերժ Սարգսյանը կստանձնե՞ր իշխանությունը, թե՞ չէր ստանձնի: Այդ նույն ԱԺ-ում Սերժ Սարգսյանն ուներ մեծամասնություն: Այս ձեւակերպումները անլրջության աստիճանի են հասնում, սա ցույց է տալիս մի բան՝ ամեն կերպ ձեւավորել գործիք, որովհետեւ հանցագործությունը առանց գործիք չի լինում՝ բա ինչի՞ համար է Քոչարյանը տապալում սահմանադրական կարգը՝ որ իր մտերիմ Սերժ Սարգսյանը ստանձնի իշխանությունը: Պայուսակ էր, սենց հետս ձեռքս ման եմ տալիս իշխանությունը, հանձնում եմ Սերժին, ինքը ընդունում է, անմիջապես դառնում է ՀՀ նախագահ, լավ էս աստիճանի զավեշտության հասցնելը չեմ կարծում, որ նման գործում եւ նման մեղադրականի մեջ պետք է լինի»,-ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք` պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2008-ի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում, ըստ հրապարակված տեղեկությունների, խաղաղ ցուցարարները բնորոշվել են «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր»։ Այդ հրամանով «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը բերվել է զորանոցային վիճակի:
Մարտի 1-ի գործի շրջանակներում Միքայել Հարությունյանը ևս ճանաչվել էր մեղավոր, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Արմինե Գևորգյան