Բավ է պառակտվել
20-10-2021 19:02

Հունվարի 1-ից Հայաստանում ջուրը կթանկանա, բայց ՀԾԿՀ ղեկավարը խոստացել է անփոփոխ սակագին 10 տարվա ընթացքում

Հայաստանում նախատեսվում է մշակել երկարաժամկետ քաղաքականություն ջրամատակարարման ոլորտում, ինչը թույլ կտա հաստատուն սակագին սահմանել գալիք 10 տարվա համար։ Այս մասին ասել է չորեքշաբթի Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ իրականավցվել և գործնականում ավարտվել է «Վեոլիա-ջուր» ՓԲԸ -ի (Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի օպերատորը 2016-2031թթ.՝ խմբ.) գործունեության ամենամյա մոնիթորինգը, որը գտնվում է ամփոփման փուլում:

«Այս պահին Հայաստանի ջրային ռեսուրսների պետական կոմիտեի հետ համատեղ «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվում է երկարաժամկետ գնային քաղաքականություն մշակելու հնարավորությունը՝ որը ենթադրում է փոփոխել վարձակալության պայմանագիրն՝ առաջիկա 10 տարում հաստատուն գնագոյացման քաղաքականություն ունենալու համար», - ասել է Բաղրամյանը:

Նա պարզաբանել է, որ դա ենթադրում է այժմ սակագնի մի փոքր բարձրացում, որը, սակայն, կայուն կմնա 10 տարի (աննշան ճշգրտումներով)։

Նա հիշեցրել է, որ 2016 թվականին կնքված Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վարձակալության 15-ամյա պայմանագրում նշված բազային գները ենթակա են տարեկան ճշգրտումների` հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում` գնաճը, էլեկտրաէներգիայի սակագները և ջրի ծավալները: