Բավ է պառակտվել
14-04-2020 13:19

Երթուղային տաքսիների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում

Երթուղային տաքսիների վարորդները երեքշաբթի բողոքի ակցիա են իրականացնում Երևանում։

Նրանք նշում են, որ արտակարգ դրություն հայտարարելուց և հասարակական տրանսպորտի գործունեւթյունն արգելելուց հետո իրենք զրկվել են եկամուտի աղբյուրից։ Այժմ ցանկանում են պարզել, կարող են արդյո՞ք սոցիալական օժանդակություն ստանալ, և ո՞ր ծրագրով։

Վարորդները նաև դժգոհում են, որ երաշխիքներ չկան, որ իրենց գործունեությունը թույլատրելուց հետո կլինեն բավարար քանակի ուղևորներ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից մեկ ամսով Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ։
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության, այդ թվում՝ հասարակական տրասպորտի նկատմամբ մարտի 24-ին հայտարարված սահմանափակումները գործում էին մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգեց ԱԴ ռեժիմը ևս մեկ ամսով՝ մինչև 2020թ մարտի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։

Ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1067 հաստատված դեպք։ Ապաքինվել է 265 մարդ, 16 հիվանդ մահացել է։