Բավ է պառակտվել
16-08-2016 14:15

ՌԴ ՊՆ. ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը կայունության երաշխիք է Կովկասում

Հայաստանում ռուսական ռազմակայանը Կովկասի կայունության երաշխիքն է, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` ամփոփելով երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքները։

«Ռուսական 102-րդ ռազմակայանի հաջող գործարկումը մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակի ևս մեկ ցուցանիշն է», - ասել է Անտոնովը:

Նա նաև ընդգծել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցերով հայ–ռուսական միջպետական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի հերթական նիստը տեղի ունեցավ հուլիսի վերջին Երևանում:

«Հաջողությամբ իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքի 2016 թ.–ի ծրագիրը: Այն ներառում է քառասունից ավել տարատեսակ միջոցառումներ, որոնցից 22-ն արդեն իրականացվել են», - հայտնել է Անտոնովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի զինված ուժերի համար կադրերի պատրաստման հարցը:

«Հիմա Ռուսաստանի ՊՆ-ի 24 բուհերում անվճար կրթություն են ստանում 203 հայ զինծառայողներ: Բոլորը որակյալ կրթություն են ստանում: Այս տարի կընդունենք ևս 211 մարդ», - ասել է Անտոնովը:

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը, օգտվելով առիթից, անձամբ հրավիրել է հայ գործընկերոջը մասնակցելու ԱՊՀ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա 2016 թ.-ի նոյեմբերին Մոսկվայում, ինչպես նաև հրավիրել է «Բանակ 2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին: