Բավ է պառակտվել
28-06-2022 11:37

Հայաստանի զինծառայողը մեղադրվում է պետդավաճանության մեջ․ նա հավաքագրվել է «Օդնոկլասնիկի» սոց․ ցանցի միջոցով (տեսանյութ)

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետական ​​դավաճանության հերթական դեպքն է բացահայտել։

ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամլո ծառայությունից։

Վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և Վոթսափ հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին տվել է խոստովանական ցուցմունք, որից հետո ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորվել։
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրտեսության շուրջ 50 գործի հետաքննության մասին։