Բավ է պառակտվել
13-06-2014 15:14

Վոլոդյա Ավետիսյանը առաջին անգամ պապիկ դառնալու առիթով շնորհավորանքներ ստացավ դատարանի դահլիճում

Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին մարտական ընկերներն այսօր, դատարանի դահլիճում պապիկ դառնալու կապակցությամբ շնորհավորեցին և «Պապի՛կ, պապի՛կ, շնորհավոր» վանկարկումներով դիմավորեցին նրան, քանի որ այսօր Վոլոդյա Ավետիսյանի առաջին թոռն է ծնվել։

Նշենք, որ դատական նիստին ներկա է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների այն հարցին, թե ինչու մինչեւ հիմա չէր գալիս դատական նիստերին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Ներկա-բացակայով չէ ամեն ինչ որոշվում, ես միշտ Վոլոդյա Ավետիսյանին պաշտպանել եմ»։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ իրենք երկու տարբերակ են առաջարկել՝ կամ կբոյկոտեն դատական նիստը եւ ոչ ոք չի մտնի դահլիճ, կամ ճեղքելով ոստիկանների պատնեշը կմտնեն դատարան։ Նշենք, որ դատարան մտնելու համար ոստիկանները բոլորից անձնագիր էին պահանջում:

Դատավոր Լեւոն Ավետիսյանը դատական նիստն սկսելուց առաջ զգուշացրեց, որ եթե դահլիճում աղմուկ լինի, ինքը դատական դռնփակ նիստ անցկացնելու որոշում կկայացնի։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։