Բավ է պառակտվել
09-10-2019 11:29

ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին համարժեք պատասխան տրված է։ ԳՇ պետ


«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների ժամանակ փորձարկվել են որոշակի տեսակի ռազմական տեխնիկա, նորագույն սպառազինություն, որը մենք ստացել ենք վերջին ժամանակները: Դրանք եղել են հակատանկային և հակաօդային սպառազինության նոր մշակումներ»: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ հակաօդային ստորաբաժանումները կատարել են նաև անօդաչու թռչող սարքի խոցում։ Իսկ զորավարժությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը կիրառել է նաև իր սպառազինության մեջ գտնվող «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
Գլխավոր շտաբի պետը խոսեց նաև սահմանային իրավիճակից ասաց որ Սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է;
«Իրավիճակը վերահսկելի է, լարվածությունը կամ միջադեպերը սահմանում միշտ եղել են, ցավոք սրտի, կան ու, ինձ թվում է, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Տավուշի մարզում արձանագրված լարվածությանը, ԳՇ պետը նշեց, որ այս պահի դրությամբ այնտեղ իրավիճակն էական փոփոխություններ չի կրել։
«Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է», - ասաց նա։
Արտակ Դավթյանի խոսքով՝ այսօր էլ են եղել կրակոցներ, սակայն դրանք կրել են ոչ նպատակային բնույթ։
«Մեր պատասխանից հետո դադարեցվել է, այս պահի դրությամբ հանգիստ է։ ՀՀ զինված ուժերի կողմից հակառակորդին համարժեք պատասխան տրված է»,–ասաց Դավթյանը։
Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետը տվյալներ հրապարակեց, ըստ որոնց, այս տարվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայողների մահվան դեպքերը նվազել են։

«Այս տարվա ընթացքում ծառայության հետ կապված մենք ունեցել ենք 19 զինծառայողի մահ, 2018-ի՝ զինծառայողների մահվան 28 դեպքի համեմատ։ Մահվան դեպքերը նվազել են մոտ 39 տոկոսով, իսկ դա բավականին մեծ աշխատանքի արդյունք է»,-ասաց Արտակ Դավթյանը՝ ցավ հայտնելով յուրաքանչյուր զինծառայողի մահվան համար։

Մահացած զինվորներից 11-ը ժամկետային են եղել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 22 ժամկետային զինծառայողի մահվան դեպք։

«Հույս ունենք, որ այս տեմպը կպահենք՝ հասնելով այն բանին, որ զոհեր չլինեն»,-ասաց Դավթյանը։

 

Արմինե Գևորգյան