Բավ է պառակտվել
04-11-2019 14:15

Զինված ուժերը երբեք տեղում չեն դոփել․ Դավիթ Տոնոյանի պատասխանը վարչապետին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դեռ չի կանչել ապրիլյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, բայց որևիցէ խնդիր չի տեսնում։ Ասում է, պատրաստ է ներկայանալ հանձնաժողովին։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, Տոնոյանն ասաց, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին:
Նախարարը անդրադարձավ նաև սահմանային լարվածությանը,նշեց,որ եղել է կարճաժամկետ լարվածություն, ինչը կարգավորվել է։
Լրագրողի դիտարկմանը, որ բանակցային գործընթացում ռեալ տեղաշարժ չկա, նախարարը չհամաձայնեց: «Շատ պրոֆեսիոնալ կերպով բանակցություններ են իրականացվում, մեր դիվանագիտական ծառայությունը և արտաքին գործերի նախարարը շատ հետաքրքիր գործընթացի մեջ են գտնվում»,- նշեց Տոնոյանը։

Նախարարը խոսեց նաև ձեռք բերվող զինատեսակների մասին,ասաց որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին։
Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:
«Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք», - ասաց նախարարը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե առաջին անգամ է, որ կարճ ժամանակահատվածում մեծ բարեփոխումներ են իրականացվում Զինված ուժերում, ասաց որ արագությունն է մեծացել։
«Նախկինում էլ են եղել գործընթացներ, վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար։ Իրականում այդ կարճ ժամանակահատվածում մեծ փոփոխություններ են կատարվել, բայց այնպես չէ, որ նախկինում ոչինչ չի արվել։ Զինված ուժերը տեղում չեն դոփել»,-նշեց նա։

Դավիթ Տոնոյանը նշեց,որ որպես Պաշտպանության նախարար կցանկանար, որ պաշտպանության բյուջեն կրկնապատկվեր ու եռապատկվեր, բայց հաշվի առնելով մեր տնտեսական հնարավորությունները՝ այսօրվա բյուջեն բավարար է։

 

Արմինե Գևորգյան