Բավ է պառակտվել
04-11-2021 12:10

Զանգեզուրի միջանցքի հարցը գործնականում լուծված է․ Իսկանդարյան

Զագնեզուրի միջանցքի հարցը գրեթե լուծված է. Այս մասին «Հատուկ կարծիք» հաղորդաշարում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, նշանակություն չունի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին, 9-ին, թե 10-ին։ Կարևոր է, որ հանդիպումը վաղ թե ուշ տեղի կունենա, և միջանցքի հարցը կքննարկվի, ինչ-որ համաձայնագիր կստորագրվի։

«Դա կարելի է անվանել հայտարարություն, ինչպես կուզեք, բայց որ այս գործընթացն ընթանում է, կասկած չկա, խնդիրը ամսաթվի մեջ չէ և ոչ էլ նոյեմբերի 9-ի (Արցախի 44-օրյա պատերազմի ավարտի և եռակողմ հայտարարության հրապարակման օրը՝ խմբ․) սիմվոլիկայի։ Իսկ խնդիրը քննարկվում է, քննարկվում է շատ ակտիվ, ընդհանուր առմամբ, կոպիտ ասած, քիչ թե շատ հստակ լուծված է` կբացվի։ Ինչ տարբերակով, ինչ տեխնիկական պայմաններով, ինչպես, ով է քաղաքականապես հովանավորելու այս գործընթացը և այլն, այս ամենը քննարկման առարկա է»,- ասել է Իսկանդարյանը։

Նա նշել է, որ և՛ Ալիևը, և՛ Հայաստանի ղեկավարությունը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։ Ընդ որում, վերջինս ոչ միայն հասկանում է, այլև հստակ նախապատրաստում է հանրությանը սրան։

«Եվ դա մենք բազմիցս լսել ենք Հայաստանի ներսում՝ պաշտոնյաների արված հայտարարություններում: Ընդհանրապես, կարծում եմ, որ միջանցքի հարցը գործնականում լուծված է: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես «քողարկելլ» այն հանրային կարծիքի համար: Ադրբեջանցիները դա կանվանեն միջանցք, հայերն՝ այլ կերպ․ ճանապարհ, արահետ, չգիտեմ, կոմունիկացիաների բացում։ Այն, ինչի մասին խոսում ենք, շատ մեծ հավանականությամբ կլինի, կարծում եմ, որ հիմնարար խնդիրներն արդեն լուծված են։ Ճնշումը, որն արվում են Հայաստանի վրա այս առումով, շատ լուրջ և կոնսոլիդացված է, տարբեր կողմերից»,- ասել է Իսկանդարյանը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքը Սյունիքի մարզում (Իրանին սահմանակից). այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմովբիլային ճանապարհ և երկաթուղի։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել. Երևանում մերժում են «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցելու հնարավորությունը։ Մասնավորապես, ավելի վաղ այս դիրքորոշումը վերահաստատել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ուզում եմ նշել, որ կարևոր է այն փաստը, որ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը ֆիքսել է, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհները լինելու են տվյալ պետության (որով անցնում են-խմբ.) ինքնիշխան տարածքն»,- ասել է նա։

Արցախյան պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված օտարերկյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ ագրեսիա իրականացրեցին Արցախի դեմ՝ առաջնագծում և թիկունքում, կիրառելով հրթիռահրետանային զենք, ծանր զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և արգելված զենք (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք)։ Հարվածներ են հասցվել նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական օբյեկտներին։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, որի համաձայն, մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Շուշին, Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։

2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

ՀՀ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված հայկական կողմի վերջին տվյալներով՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3788 մարդ, անհետ կորել է 231 զինծառայող, 22 խաղաղ բնակիչ; Ադրբեջանական գերությունից վերադարձվել է 114 զինծառայող և խաղաղ բնակիչ։