Բավ է պառակտվել
03-02-2023 19:54

Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել, Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ Գ.Ի.-ի (ամբողջական անունը չի հաղորդվում) ձերբակալման մասին, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար։

Մեկ այլ մեղադրյալի՝ 53-ամյա տղամարդու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար»։

Քննության տվյալներով՝ Գ.Ի. -ն անցած տարվա օգոստոսին ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած 12,9 հազար դոլարի չափով գումարի վերադարձման հարցի լուծումը՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով:

Սեպտեմբերին նա ստանձնել է նաև երկու քաղաքացիների միջև մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը, որոնց միջև վիճաբանություն է եղել։

Այնուհետեւ հոկտեմբերին 53-ամյա մի տղամարդ օգնություն է խնդրել Գ․Ի․-ից՝ իրեն հասանելիք 2,3 մլն դրամը (մոտ 5,8 հազար դոլար) հետ ստանալու համար։ «Քրեական հեղինակությունը» մի քանի անգամ սպառնացել է պարտապանին, ինչից հետո վերջինս նոյեմբերի 12-ին նրան փոխանցել է գումարի մի մասը (400 հազար դրամ), իսկ նոյեմբերի 17-ին եւս 900 հազար դրամ, որը Գ.Ի.-ն, սակայն, չի փոխանցել փողի իրական տիրոջը։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, մեղադրանքը ներկայացնելուց հետո Գ.Ի-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 53-ամյա քաղաքացու նկատմամբ՝ գրավը։

Վարույթի շրջանակներում Երևան քաղաքի և Արմավիր քաղաքի ավելի քան 10 հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև թմրամիջոց։