Բավ է պառակտվել
22-03-2023 18:39

Հանցախմբի պարագլուխ, «օրենքով գողը» ձերբակալվել է Իսպանիայում․ ՔԿ

Հայաստանում հանցավոր խմբի չորս անդամներ են ձերբակալվել, նրանց պարագլուխը հայտնաբերվել է Իսպանիայում, հայտնում է Քննչական կոմիտեն։

Գեատեսչության տվյալներով՝ գործով չորս մեղադրյալների նկատմամբ նախաքննությունն ավարտվել է։ Ինչպես պարզել են մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցները, «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.- և Ա. Մ-ն 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար։ Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար:

Բացի այդ, նույն թվականի նոյեմբերին Է.Ջ. -ին է դիմել Ստեփանավանի մի բնակիչ, ով գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ և փորձել քրեական հեղինակության օգնությամբ լուծել իր խնդիրը։

Է.Ջ. -ին դիմումներ են եղել նաև այլ քաղաքացիների կողմից՝ իրենց պարտք ունեցող ծանոթներից գումար հետ ստանալու խնդրանքով։ Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետևելով, որ վերջիններս պահպանեն իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները: Որոշ դեպքերում վիճաբանությունը վերաճել է դանակահարության կամ ծեծի։

Նախաքննության ավարտից հետո քրեական գործի նյութերի հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հանցավոր խմբի 4 անդամներ Ա.Ն.-ին, Կ.Ղ.-ին, Վ.Մ.-ին, Ա.Մ.-ին կալավորելու մասին, որը բավարարվել է։
Քննիչի միջնորդության հիման վրա հանցախմբի պարագլուխ՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայի Թագավորությունում և ձերբակալվել։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ՀՀ նրա տեղափոխումը կազմակերպելու նպատակով։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։