Բավ է պառակտվել
12-11-2021 19:44

Որոտանը, Բարձրավանը և Շուռնուխը շրջափակված չեն․ ՏԿԵ նախարարը՝ ադրբեջանական անցակետեր տեղակայելուց հետո Սյունիքում ճանապարհների մասին

Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան համայնքները այս պահին ապահովված են տրանսպորտով: Այս մասին ուրբաթ րագրողներին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նոյեմբերի 10-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ին ժամը 24:00-ից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվոն մաքսակետեր։ Հայաստանի կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածով շարժվող քաղաքացիներին և բեռնափոխադրումներ իրականացնողներին ուղղորդել Կապան-Աղվան-Տաթև-Հալիձոր-Շինուայր ​շրջանցիկ ճանապարհով։ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը զգուշացրեց հումանիտար ճգնաժամի մասին։

«Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են և այլընտրանքային ճանապարհնեը բարեկարգում են: Բոլոր նշված համայնքներն ապահովված են կապով և տրանսպորտով»,- ասաց նախարարը:

Սանոսյանն ընդգծեց, որ նախարարությունը Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ է կառուցում և շարունակելու է կառուցել, սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից՝ «Հյուսիս-Հարավի» Քաջարան-Սիսիան հատվածից, մինչև դաշտամիջյան ճանապարհներ:

«Միայն հաջորդ տարի նախատեսում ենք նախագծել և մասնակի կառուցել շուրջ 500 կմ դաշտամիջյան ճանապարհ»,- ասաց նա։