Բավ է պառակտվել
20-01-2021 15:09

Պատերազմ ռեսուրսների համար. Թուրքիայի և Ադրբեջանի Հայաստանի դեմ ագրեսիայի հիմնական պատճառը

Հայ մեդիա փորձագետ Նաիրի Օխիկյանը կարծում է, որ հայերի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառներից մեկը տարածաշրջանի բնական պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկությունն է:

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ վերջին տարիներին (2019-2020 թվականներին) Ադրբեջանը բախվում է խմելու և ոռոգման ջրի լուրջ պակասի խնդրի հետ: «Մենք ականատես ենք լինում հողերի չորացման գործընթացին, հատկապես Ադրբեջանի արևմտյան շրջանում», - նշեց Օխիկյանը:

Փորձագետը շեշտեց, որ 2020-ի աշնանը Արցախում պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Քարվաճառի շրջանի (ադրբ․՝ Քելբաջար) և տեղի ջրային աղբյուրների նկատմամբ: Բաքուն փորձեց գրավել Սարսանգի ջրամբարը, բայց չստացվեց: «Ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները մնում են գերակա խնդիր Ադրբեջանի համար, ուստի այս երկրի անվտանգության խորհրդի ռազմավարական ծրագրերի համաձայն Սևանա լճի արևելյան ափը պետք է դառնա Ադրբեջանի բուֆերային գոտու մի մասը», - ասաց մեդիա փորձագետը:

Ընդհանրապես, ըստ նրա, Ադրբեջանը և Թուրքիան ոչ Շուշիի, ոչ Արցախի, ոչ էլ Սևանի կարիքը չունեն. Նրանք հետաքրքրված են այս տարածքներում բնական պաշարների հանքավայրերով:

«Սյունիքում և Արցախի շրջաններում, և հատկապես հայկական կողմին մնացած տարածքներում, ուրանի հսկայական պաշարներ կան, որոնք տասնյակ անգամ գերազանցում են Թուրքիայում հայտնաբերված պաշարներն», - ասաց Օխիկյանը:

Նա շեշտեց, որ ուրանի հանքավայրերի շահագործումը թույլ կտա Թուրքիային ոչ միայն իրեն երկար տարիներ ապահովել միջուկային վառելիքով, այլև աշխատանքներ սկսել ատոմային ռումբի ստեղծման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Օխիկյանը համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանի իշխանությունները մշակեն համապատասխան ազգային ռազմավարություն և արդյունավետորեն դիմակայեն թշնամուն, ապա հնարավոր է խուսափել նման սցենարից: