Ադրբեջանի Զինված ուժերը Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել, ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ։
«Բայց ասել, թե կոնկրետ ո՛ր տեղերից, քանի՛ մետր՝ չեմ կարող. ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և նրանք ինձ չեն զեկուցում մանրամասները», – ասաց Ղուկասյանը։
Նա հայտարարեց, որ Տեղ գյուղի տարածքում առաջխաղացած ադրբեջանական զինուժը պետք է ամբողջ կազմով հետ քաշվի իր սկզբնական դիրքերը։ Ըստ մարզպետի՝ Տեղի բնակիչները, ովքեր կորցրել են իրենց վարելահողերն ու արոտավայրերը ադրբեջանական առաջխաղացման պատճառով, օգնություն կստանան այս տարի չիրացված եկամտի համար։
Նա նաև ասաց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ոչ մի սահմանային միջադեպ չի գրանցվել։ Ղուկասյանի խոսքով, և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը սահմանին ակտիվորեն զբաղվում են ինժեներական աշխատանքներով։