Բավ է պառակտվել
14-11-2019 18:08

Հարուցված քրգործը քաղաքական բնույթ ունի․Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր հանդեպ քրեական հետապնդումն իրավաչափ չի համարում.
Բաբայանը ասում է, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ հարուցված քրգործը քաղաքական բնույթ ունի: Վերջինս մատնանշեց քրգործ հարուցելու որոշումը՝ 314-րդ հոդվածը՝ պաշտոնեական կեղծիք կատարելը՝ նշելով, որ դրանով քրգործ հարուցելու որոշում չէր կարող գոյություն ունենալ, քանի որ համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին կետով նախատեսվում է, որ քրգործ չպիտի հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում, հարուցված քրգործերը պետք է կարճվեն, քրեական հետապնդումն էլ՝ դադարեցվի.
«Քրգործի հարուցումը ոչ միայն չէր կարող լինել, այլ դրան հաջորդող ձերբակալությունը խայտառակ ապօրինություն էր: Չէր կարող նման գործողություն իրականացվել, հատկապես, եթե նկատի ունեն, որ ձերբակալության հիմքում դրվել էր թաքնվելը: Հարց է առաջանում՝ եթե մի արարք ոչ մի դեպքում չի նախատեսելու պատիժ, ո՞վ ու ինչի՞ պիտի փախներ տվալ դեպքում»:
Հարցին, թե կպաշտպանի՞ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շահերը` Բաբայանը պատասխանեց, որ չի կարող, քանի որ ինքն էլ է այդ գործով մեղադրյալ։ Արսեն Բաբայանը, այնուամենայնիվ, չհերքեց, որ մտերիմ է Թովմասյանի հետ։
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ ի տարբերություն իրեն Բաբլոյանին չձերբակալեցին, չէ՞ որ վերջինս էլ իշխանությունը յուրացնելու կասկածանքով ՀՔԾ-ում քննվող քրգործով որպես կասկածյալ էր ներգրավվել, Բաբայանը պատասխանեց, թե, հավանաբար, Բաբլոյանն ավելի շատ հեղինակություն ունի։
«Այսինքն` եթե փորձ արվեր այս խայտառակ պրոցեսների մեջ Բաբլոյանին էլ ներգրավվել, նույնքան ապօրինություն իրականացնեին Բաբլոյանի նկատմամբ, մենք շատ ավելի արագ խայտառակ կլինեինք, քան հետո ենք լինելու»,–նշեց նա։
Ապագա գործողությունների մասին խոսելով՝ Բաբայանն ասաց, պիտի հասնի իր դեմ հարուցված քրգործի կարճմանը:
Զբաղվելու եմ իրավապաշտպան գործունեությամբ` նպատակ ունենալով թև ու թիկունք լինել այն մարդկանց, ում դեմ կիրականացվեն այնպիսի անօրինական գործողություններ, ինչ իմ հանդեպ էին իրականացվում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը ՀՀ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ էր ներգրավվել` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։ Իսկ Հրայր Թովմասյանը, Քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, արդարադատության նախարարի պաշտոնում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` փաստացի ձեռք բերելով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում վաճառվող, Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակի տարածքը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։

 


Արմինե Գևորգյան