Բավ է պառակտվել
21-12-2020 13:04

Թշնամին եկել հասել է մեր դռան մոտ․ Տեղ համայնքի ղեկավար

Ավետիսյանների ընտանիքում զինվորականի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ։ Սկեսրայրը, ամուսինը ու երկու որդիները։ Արշալույս Ավետիսյանն ընտանիքի հետ ապրում է Սյունիքի մարզի Տեղ գյուղում։
«Ես ինքս եմ իրենց ասել, որ դուք որպես սյունեցի, որպես տղամարդ պետք է պաշտպանեք սահմանը, որպեսզի մեր գյուղի կանայք ու երեխաները ապահով ապրեն»։
Տեղ խոշորացված համայնքը պատերազմից հետո արդեն մոտ 60 կիլոմետր սահման ունի Ադրբեջանի հետ։ Բնակավայրը սահմանից հեռու է 500 մետր, որոշ տեղերում` անգամ 300 մետր։ Սակայն գյուղացիներն ասում են, որ երբևէ չեն լքի իրենց գյուղը։

«90-ականներին էլ էդպես եղել։ Մենք ենք պահել գյուղը ու պահելու ենք։ Չհավատաք, որ գյուղը մի հոգի էլ լքի։ Իհարկե, վտանգավոր է, բայց եթե ուզում ես հողդ պահել, պիտի չվախենաս։ Վախենալով լինի` գյուղում մարդ չի մնա»։
«Տղաս բժշկական համալսարանում է սովորում, բայց եկել է գյուղ ու ինքնապաշտպանական ջոկատների հետ գնացել դիրքերն է պահում։ Մեր գյուղում բոլորը նամուս թասիբով ժողովուրդ են։ Մեծից-փոքր պատրաստ են պահել սահմանը»։

Յոթ գյուղ միավորող Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Gisher.News-ի»» հետ զրույցում նշեց, որ գյուղացիները հողատարածքներ էին վարձակալել Քաշաթաղի շրջանից ու այսօր կանգնել են փաստի առաջ, քանի որ այդ տարածքներն արդեն թշնամու տիրապետության տակ են անցել։ Բայց Շադունցը ավելի քան համոզված է, որ այս պարագայում անգամ գյուղացիները չեն լքի իրենց բնակավայրերը։
«Նման բան ուղղակի չի կարող լինել։ Կամ ո՞ւր գնաս, այստեղից լավ տե՞ղ կա։ Մենք ուղղակի մեր երկրի կարևորությունը լավ չենք գիտակցում։ Եթե ամեն մեկիս վստահված բնագավառը շատ խելացի ձևով ու նվիրումով կարողանանք ծառայել, այս երկիրը շատ շուտ դուրս կբերենք այս վիճակից»։
Մեր զրույցին միանում է Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը։ Նա հանրությանը հայտնի դարձավ հայտնի տեսանյութից հետո։ Հովսեփյանը գյուղի կամավորականների հետ Բաքվից Արավուսի սահման եկած Իլգար անունով գեներալի հետ բանակցում էր ադրբեջաներենով։

Հովսեփյանին հետաքրքրում է գլխավոր հարցը՝ համաձայնագրի առաջին կետում նշվում է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, հետևաբար` Արավուսի պահուստային հողերն ինչո՞ւ են վերցնում։

«Հուզիչը նա է, որ մեր հողերի 57-58 հա տարածքները ադրբեջանցիները ասում են մերն ա։ Վկայականները մոտս են, թող Կադաստրից գան, ով ուզում է գա, սեփականաշնորհված վկայականները մեր մոտ ա։ Ես մեր հողերն եմ պահանջում։ Արավուս գյուղից 160 հա վարելահողերից, եթե 58 հա թուրքը վերցնի, մեզ ի՞նչ ա մնալու»։
Համայնքի ղեկավարներին հարցնում եմ` իսկապե՞ս այսօր վտանգված է Սյունիքը

«Դե թշնամին եկել հասել է մեր դռան մոտ, վտանգված չի՞ Սյունիքը։ Սյունիքը սահմանից հեռու էր հարյուրավոր կիլոմետրով, իսկ հիմա 500, 400, տեղ–տեղ 300 մետր։ Հիմա վտանգվա՞ծ է, թե՞ վտանգված չի։
Ներսես Շադունցին հարցնում եմ, թե որտեղ թերացանք այս պատերազմում։
«Ես էլ ձեր հետ միասին ամբողջ ազգով թերացանք։ Բոլորս ամբողջ ազգով 28 տարի զբաղվել ենք մի բանով` մեզ գովալով ման ենք եկել։ Մեկս մեկին խաբելով ման ենք եկել։ Հերիք ա արդեն։ Եկեք նվիրվենք, մեր երկրին, մեր դրոշին, զինանշանին։ Ջիգյար դնենք այս ամեն ինչի մեջ։ Էդ դեպքում, ես ոչ թե հավատում եմ, որ կորցրած հողերը հետ ենք բերելու, այլ սպասում եմ դրան։ Ես իրանց սպայական կազմի (ադրբեջանցիների–խմբ), գնդապետին ասել եմ, որ հետ ենք բերելու։ Ասել ա մոռացի ու հաշտվի, որ պարտվել եք։ Ասել եմ` մենք ձեզ երբեք պարտված չկանք, չենք լինի ու դա հիշի ամբողջ կյանքումդ։ Ասել եմ ու դուրս եկել այդտեղից»։

Ներսես Շադունցն Սյունիքի այն համայնքապետերից է, որոնք պահանջել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Արմինե Գևորգյան