Բավ է պառակտվել
15-12-2020 15:17

Թշնամին մկան նման կրծում է մեր սահմանները․ Կոռնիձորի գյուղապետ (լուսանկարներ)

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սյունիքի մարզում Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի Կոռնիձոր գյուղը։ GPS–ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում անդրբեջանցիներ են։ Այդ ճանապարհը ստացել կյանքի ճանապարհ անունը։ Համաձայնագրի ստորագրումից հետո գյուղի սահմանը պահում են կոռնիձորցիները։
Գյուղապետարանը վերածվել է յուրահատուկ հրամանատարային կետի։ Հենց այստեղ գյուղացիները հավաքվում են, ցուցակագրվում, ստանում համապատասխան զենք ու բարձրանում դիրքեր։ Գյուղը սահմանից հեռու է 500 մետր, իսկ դիրքերը գյուղից՝ մոտ 200 մետր։ Մեր այցելության պահին հերթափոխի ժամն էր ու մենք նոր հերթափոխի հետ՝ գյուղապետ Արկադի Խաչատրյանի ուղեկցությամբ, բարձրանում ենք դիրքեր։ Ճանապարհին գյուղապետը մեզ ներկայացնում էր ամեն քար ու թփի պատմություն, խոսում կոռնիձորցու ոգու ու սահմանը ամուր պահելու մասին։
«Եթե քարտեզը նայել եք, Կոռնիձորը արծվի գլխի նման մխրճված է։ Հիմա մենք գնում ենք Պոպոքի այգի կոչվող տարածք, որտեղ մեր տղաները դիրք են պահում։ 100 անգամ տեխնիկապես մեզնից լավ զինված հակառակորդի դեմ կանգնած ենք։ Երկիրը պետք է մի բռունցք դառնա, որ կարողանա այս արհավիրքի դեմ պայքարի։ Հող տվող մարդը չպետք է ունենա այդ ռեյտինգը որ կարողանա այս երկիրը ղեկավարի։ Թշնամին մեր սահմաներում ա, փիս մկան նման կրծում ա ու մի սմ հողն էլ ուզումա կրծի տանի։
Մեզ մոտ դեռ սահմանազատման աշխատանքներ չի կատարվել, բայց ես մի բանից զարմանում եմ, ես համայնքի ղեկավար եմ, ես հո քարտեզագրող չեմ կամ կադաստրի աշխատող։


Միթե այս հանրապետությունում չկա մի մարդ, որ գա այդ սրիկաների հետ այդ հարցերը կարգավորի։ Ախր այսպես չի լինի, մենք դարձել ենք անտեր–անտիրական։
Բաքվիցգեներալը եկել է սահմաններն է ճշտում, բա մերոք ուր են։ Ես իմ սահմաները ապառաժ առ ապառաժ գիտեմ։ Այդ սահմանով ես 100 անգամ քայլել եմ։ Ես կռիվ եմ տալու իմ յուրաքանչյուր թիզ հողի համար։ Բայց պետական մակարդակով պետք է հարցը լուծվի»։

Ճանապարհին մի պահ կանգ ենք առնում, քանի որ մեզ միանում է կոռնիձորիցի Արամայիս Ղահրամանյանը, որը երեք պատերազմ է անցել։ Գյուղապետն ասում է, որ Անդրանիկի հետ սահման բարձրանում է նաև նրա 14-ամյա որդի Մոնթեն, որպեսզի փոքր տարիքից սովորի, թե հողն ինչպես են պահպանում։
«Մեր բոլոր երեխաներին մեծացնում ենք որպես ռազմիկ, կապ չունի աղջիկ, թե տղա։ Վերջացելա այն գաղափարը, որ հայ աղջիկը մենակ պիտի մայր դառնա։ Հայ աղջիկը պետք է զինվոր լինի ու երկրի պաշտպան։ Եթե մեր մայրերը 10 խոխա չեն բերում, ուրեմն մեր աղջիկներն էլ պիտի զինվոր լինեն։ Եթե ուզում ենք այս հողում ապրենք, ուրեմն ծնված երեխայի բարձի տակ պետք է զենք դրվի»։


Մենք արդեն մոտենում ենք դիրքերին, ու գյուղապետը ձայն է տալիս, թե արդյոք սուրճ ունեն քաղաքից եկած լրագրողներին հյուրասիրելու համար։ Դե, ովքեր եղել են դիրքերում, կփաստեն, որ ամենահամով սուրճը հենց դիրքերի սուրճն է։ Ու մինչ տղաները մեզ սուրճ կհյուրասիրեն, մենք մտնում ենք խրամատ, ծանոթանում նրանց պայմաններին։ Մեզ ասում են, որ բացի սուրճից՝ քաղցրավենիք էլ կարող են հյուրասիրել։
Նկատում ենք, որ սահման պահողների շարքում կան նաև 18 տարեկանից փոքր երիտասարդներ։
«Այս 3 հոգին 17 տարեկան են, ես իրենց ծնողներից թույլտվություն եմ վերցրել, զենք եմ տվել, ու եկել են մեծահասակների հետ դիրք են պահում, քանի որ մի քանի ամիս հետո իրենք պետք սահմանը պահեն»։


Ամսի 9-ից հետո մենք մի մարդու պես մեր հրամանատարի՝ Անդրանիկ Ղահրամանյանի հետ կանգնել ենք այս դիրքում, ասում է Վարդան Սողոմոնյանը։
«Ամեն պատերազմ իր դառնություն ունի, բայց եթե մերոնք կարողանային օդը պահել, մենք մինչև Բաքու էլ կգնայինք։ Ինչ արեց, օդը արեց։ Բայց թուրքը կոռնիձորցուն շատ լավ գիտի, ինքը եթե մի բան արեց, պատասխանը կստանա։ Իսկ մենք կգնանք ու մեր սահմաները կպահենք, ինչքան պետք է։
Հետդարձի ճանապարհին ենք, գյուղապետն ասում է՝ եթե ուզում ես այս հողում ապրել, պետք է ուժեղ լինես։ Իսկ ուժեղ լինելու համար ռազմարդյունաբերությունը պետք է զարգացնել։
«Ես դիմում եմ մեր գիտնականներին, մենք պետք ստեղծենք հզոր բիոլոգիական զենքեր, հասկացանք, որ աշխարհը ուժի առաջ դողում է։ Եթե Ադրբեջանի թիկունքի Թուրքիան չլիներ, Ադրբեջանը իհարկե մեզ չէր հաղթի»։

Արմինե Գևորգյան