Բավ է պառակտվել
04-12-2020 13:52

Թշնամին տեսավ որ երկրիդ ղեկավարը անողնաշար է՝պատերազմ սկսեց․ Աշոտ Մինասյան

Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից պատերազմ սկսելու գլխավոր պատճառը մեր երկրի ղեկավարի թույլ լինելն էր: Պարտության համար ևս գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Պաշտոնների էին նշանակում ու հերոսի կոչումներ շնորհում մարդկանց, ովքեր ոչինչ չէին արել: Պատերազմական այդ իրավիճակն ասուլիսի ժամանակ արձանագրեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
«Պատերազմը սկսվեց նրանից, երբ թշնամի երկիրդ տեսավ, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու, երբ տեսնում են, որ քայքայված են պետությանդ բոլոր սյուները: Թշնամիդ պարտության խարանից հետո պատեհ առիթ էր ման գալիս, որ կարողանա կատարել 25-30 տարվա ծրագիրը»,- ասաց նա:

«Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը՝ երբ հրամանատարական կետերից հանում են քո գեներալիտետին, ովքեր կռել էին 2 հաղթանակ, հեռացվում են պաշտոններից և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր չգիտեին՝ ինչ է պատերազմը կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, դարձել էին բարձր զինվորական պաշտոնյաներ: Բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին»,- նշեց նա:
«Սիսական» ջոկատի հրամանատարը, որը մարտական գործողություններ ժամանակ եղել է հարավային և հարավ-արևելյան հատվածներում, պատմեց, թե ինչի հետևանքով հայկական զորքերի նահանջը սկսվեց:
«Սիսական» ջոկատի հրամանատարը ներկայացրեց նաև իր ու գեներալ Մանվել Գրիգորյանի հեռախոսազրույցը, որի ձայնագրությունն, ըստ նրա, համապատասխան մարմինները կարող են գտնել: Իսկ զրույցը պատերազմական դրվագի մասին է եղել: Մինասյանը իրավիճակը մանրամասնելով՝ ասաց.

 «Գերագույն գլխավոր հրամանատարը, որը ոչ ադեկվատ, գուցե, հարբած վիճակում հրաման է արձակում, որ եթե կարողանան գրավել Լելե Թեփեն, հերոսի կոչումներով կպարգևատրի: Չկայացած գեներալիտետը փաստն ընդունում է որպես իրողություն և հրաման, անցնում է հարձակման: Երբ զեկուցում են, մեկին՝ գեներալի, երկուսին հերոսի կոչում է շնորհում: Նպատական այն է, որ ներկայացնի՝ «դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ»: Ոգևորվելով այդ ամենից՝ սկսում են առաջանալ մինչև համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ իրավիճակը Գրիգորյանի հետ քննարկելով, նա հարցնում է՝ «ի՞նչ վիճակ է, զորքը հասե՞լ է տանկերի հետևից»:


Չներկայացնեմ՝ ինչքան տանկ ենք տվել թշնամուն, որքան զոհ ենք տվել: Եթե զինվորը տանկերի հետ նույն տեղում չի, մեր տանկերը դառնում են թիրախ թշնամու համար: Զորքը սկսում է թափով նահանջել: Փախնող զորքի հրամանատարին շնոհում են հերոսի կոչում: Եվ ոչ ոք չի ասում՝ ինչպե՞ս է ստացվում:
Աշոտ Մինասյանի խոսքով՝ զինվորը հստակ կատարել է իր աշխատանքը, չի պարտվել այս պատերազմում: Ըստ նրա՝ պարտվել են պետության ղեկավարը և նրա նշանակած հրամանատարները:
«Նույն փախնող զորքի հրամանատարին հանում են իր աշխատանքից՝ Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը, և նշանակում են Նուբարաշենի գնդի հրամանատար: Ես մտածում եմ հետևյալը՝ սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր, և խուճապ սարքողներին իրենք հետո սկսեցին կա՛մ տեղավորել տարբեր պաշտոնների, կա՛մ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց: Սա դավաճանություն է, և հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս ամբողջը եղել է դավաճանություն, սա մտածված քայլ է եղել»,- ասաց նա:

Արմինե Գևորգյան