Բավ է պառակտվել
26-08-2021 13:19

Ադրբեջանի զինուժը ևս մեկ ճանապարհ է փակել Սյունիքում

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Հայաստանի Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ, հայտնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ:
Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է»,- նշել է նա:

Թաթոյանը հիշեցրել է, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է: