Բավ է պառակտվել
14-07-2020 14:50

Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ

 

Երեկվանից Հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ էր: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հետո, արդեն ավելի ուշ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը: Հետո արդեն հայտնի դարձավ,որ հրետակոծությունը եղել է Տավուշի դիրքերի ուղղությամբ :

Երևանում համակարգչի առջև նստած ժամ առ ժամ տարատեսակ լուրեր ես սատնում ու քեզ թվում է, թե հասնես, օրինակ, Մովսես գյուղ ՝ այլ պատկերի պետք է ականատես լինես: Արդեն երեկոյան հինգին մենք Մովսես գյուղում ենք: Մեր այցելության պահին էլ կրակոցների ձայնը գյուղի տարբեր անկյուններից լսելի էր: Բայց մովսեսցիների համար դա արդեն սովորական երևույթ է: Գյուղի հենց սկզբում մթերային փոքրիկ խանութ է, վրան փակված է հերոսների նկարները՝ Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի: Զրուցակցիս խանութպան Ղուկասն է, ով չի թողնում հարցեր ուղղեմ միանգամից սկսում է :
«Մեր բանակը կատարում է իր առջև դրած խնդիրը,փառք ու պատիվ մեր բանակին»:

Գյուղամիջում նրան միանում են մովսեսցի կանայք: Կանացից մեկը պատմում է, որ նման կրակահերթ վաղուց չէր եղել, որ այսքան ինտեսիվ կրակեին: Նրանք բոլորն էլ կրակոցի ձայնից արդեն գիտեն թե ինչ զենքով են կրակում:

«Տեսում եք, որ ոչ մեկի վեջն էլ չի, իրանց համար հանգիստ ման են գալիս: Մենք մեր տեղում ենք, ու գյուղից մի քայլ չենք հեռանա: Իմ տղան զինվորական է, հենց էս պահին էլ պոստն է պահում: Բանակից զորացրվեց, ու գնաց դարձավ պայմանագրային զինծառայող»:

 

Շրջում եմ Մովսեսում, գյուղացիները խմբված փոքրիկ խմբերով բանակացային գործընթացն են լուծում, վերլուծում ու քննարկում: Պատահաբար հանդիպում եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, որն առավոտվանից այցելում է տարբեր համայնքներ, զորակցություն հայտնում ժողովրդին։ «Հենց այս օրերին է, որ պետք է հասարակությունը համախմբված լինի, սա մեր ցավոտ կետերից մեկն է: Դադարեցրեք ֆեյսբուքյան գրառումները, պիտակավորումները, ցեղ շպրտելը միմյանց վրա։ Դադարեցրեք գոնե հիմա, ապագայում ինչ ուզում եք արեք, բայց հիմա դադարեցրեք», - ասաց սրբազանը:

Արդեն Չինարիում ենք: Գյուղի կենտրոնում խմբված տղամարդկանց աչքը դեպի դիրքերն են: Մոտենում եմ, փորձում եմ զրուցել նրանց հետ:
«Ադրբեջանի սադրանքներ հաճախ են լինում, ու մեզ համար նորություն չէր: Գյուղում խուճապ չկա, մենք էլ այստեղից երբեք չենք թողնի, գնա:
Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում:

Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասում է, որ բարեբախտաբար տուժածներ չկան: Իսկ գիշերը պարբերաբար հնչել են կրակոցներ Չինարիի դիրքերում:
«Մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չկան: Կա անհանգստություն, մարդիկ խմբված քննարկում են, բայց խուճապ բացարձակ չկա: Բնակիչները, ցավոք, արդեն սովոր են ապրել կրակոցների տակ»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։

 

 

Արմինե Գևորգյան