Բավ է պառակտվել
04-07-2020 13:16

Զինվորական մասնագիտություն ստանալու ցանկությունը աղջիկների մոտ գնալով շատանում է

Սաթենիկ Հասրաթյանը մանկուց երազել է զինվորական դառնալ։ Արդեն հասուն տարիքում նա հստակ որոշել էր, որ պետք է ընտրի ռազմական ուղին։ Դպրոցում բոլորը գիտեին Սաթենիկի երազանքի մասին։ Դեռ մեկ տարի առաջ նա սկսեց պարապել, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո ընդունվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, բայց երբ պարզվեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում կատարվում է նաև աղջիկ դիմորդների ընդունելություն Սաթենիկին այլ բան չէր մնում անելու։ Ընտանիքը միանշակ կողմ է եղել, հայրը զինվորական է։ Եվ զինվորական նիստ ու կացին նա ծանոթ է վաղ տարիքից։ Ծնունդով Գորիսեցի է, բայց ապրում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։
«Ծնողներս աջակցում են ինձ, Մոնթե Մելքոնյանը ավարտելուց հետո կշարունակեմ արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ցանկությունս շատ մեծ է։ Շատ բաժիներ կան՝ կապավոր, դիպուկահար, բայց ես ուզում եմ դառնալ հետախույզ»։
Հարցնում եմ ի՞նչ հատկություններ պետք է ունենա հետախույզը, անմիջապես հետևում է պատասխանը․ «Պատասխանատվություն, գաղտնապահություն ու միշտ զգոն»։
Տավուշի մարզի Հաղարծին գյուղում երբ լսեցին, որ Մելինե Թամրազյանը ցանկանում է զինվորական դառնալ զարմացան։ Դե գյուղում դեռ ընդունված չեն հաշտվում այն մտքի հետ, որ աղջիկն էլ կարող է լավ զինվորական դառնալ։ Մելինեի մայրը մեզ հետ զրույցում անկեղծացավ աղջկանից շատ է ուրախացել, որ նա Մոնթե Մելքոնյան վարժարանի սան է դառնալու։
Մի պահ զարմացա, բայց հետո պարզվեց դա նաև մոր երազանքն է եղել։
«Ամուսնիս չէր համաձայնվում, դե մենք գյուղում ենք ապրում․․․, բայց դե ի վերջո համոզվեց։
Հետո ծիծաղելով ավելացնում, որ հաղթեցին ինքն ու աղջիկը, քանի որ դեռ մանկուց սիրել է զինվորական հագուստը ու ծնողները չեն թողել, ես դառնամ զինվորական։ «Հիմա աղջիկս ի կատար է ածում իմ երազանքը»։
Լսափողից այն կողմ Մելինեն է, ասում է ամեն անգամ երբ հանգնում էր զինվորական հագուստ նկարվելու համար, միշտ երազում էր, որ մի օր որպես զինվորական է հագնելու։
«Դե եթե ես ընտրել եմ այս ուղին ապա ամեն դժվարության պատրաստ եմ։ Դասարանցիներս զարմացան, քանի որ գյուղի միակ աղջիկն եմ, որ գնում է ռազմական վարժարան։
Մելինեի համար ոգեշնչման աղբյուր եղել են հենց արցախյան ազատամարտի հերոսները։
«Շատ–շատերից եմ ես ոգևորվել և իրենց ուժը տեսնելով ես ավելի հստակ եմ որոշել որ պետք է զինվորական դառնամ։ Բայց ամենաշատը ոգեշնչվել եմ հենց Մոնթե Մելքոնյանից։
Զրուցակիցներիս նույն հարցն եմ տալիս, պատրաստ են դիմակայելու բոլոր փորձություններին, քանի որ զինվորականի ճանապարհը բավականին դժվար է, ու պատասխանատու։ Նրանք զարմանում են իմ հարցից, ասելով որ եթե ընտրել են այս ուղին, ապա շատ լավ գիտակցում են պատասխանտվության չափը և դժվարությունների հաղթահարումը։
Այս պահի դրությամբ վարժարում դիմում հայտ ներկայացրել են 15 աղջիկ։ Վարժարանի ուսումնական մասով փոխտնօերն Արթուր Կարապետյանը ասում է, որ հատկապես վերջին տարիներին աղջիկները շատ մեծ ցանկություն են հայտնել վարժարանում ուսանելու համար։ Եվ միայն այս տարի Հոգաբարձուների խորհուրդը որոշեց կազմակերպել աղջիկ դիմորդների ընդունելություն։
«Անցած տարի մոտ 40 աղջիկ դիմորդ եղավ, բայց դե ընդունելություն չկար, հետևաբար մերժեցինք»
Նրանց դասավանդելու են նաև կին սպաները, քանի որ դասապրոցեսը մի փոքր տարբեր է լինելու տղաներից։
Արթուր Կարապետյանն ասում է, որ դեռ ընդունելության փուլը չի ավարտվել, բայց արդեն 170 դիմորդ ունեն, պահանջվող 130 –ի փոխարեն։ Այստեղ դիմորդները քննություն են հանձնելու, սակայն մինչ քննությունը նրանք պետք է բուժզննում անցնեն։ Եվ միայն բուժզննում անցնելուց հետո կարող են մասնակցել քննության։
Զրուցակիցս նշում է, որ այս տարի վարժարանը ավարտած սաների 85 տոկոսը դիմել են ռազմական բուհերը, ինչը ենթադրում է, որ ևս մեկ անգամ վերհաստատվում է այն գիտակցումը, որ զինվորականի մասնագիտությունը մեր երկրում շատ կարևոր է։
Վարժարանում ընդունելության քննությունները կմեկնարկեն օգոստոսին, և արդեն սեպտեմբերին պարզ կլինի թե 15 աղջիկներից, ովքեր հաղթահարեցին բարձունքը տանող ճանապարհը։

 

 

Արմինե Գևորգյան