Բավ է պառակտվել
22-02-2021 14:34

Բոլոր այն անձինք, որոնք խոչընդոտ են այս իշխանությանը դառնալու են քաղաքական հետապնդումների զոհ․ Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Կարեն Բեքարյանի դեմ հարուցված գործին նկատեց․ «Մի փոխաբերությամբ բացատրեմ՝ ինչ է կատարվում։ Տարբեր փողոցներում մարդիկ աղբ են թափում: Տհաճ երևույթ է, բայց կա։ Մի օր պետությունը որոշում է արգելել աղբ թափելը, բայց միայն մի փողոցում, ասենք՝ Դեմիրճյանի վրա, արհամարհելով մյուս փողոցների թափած աղբերը։ Չի կարողանում հասկանալ՝ ով է կոնկրետ Դեմիրճյանի այդ աղբը թափել, նայում է՝ ովքեր են անցնում այդ կողմերով, ցուցակից ճանաչում է մարդկանց, որ իրենց քննադատում են, ասում է՝ ըհը, իրանք են։ Սա խայտառակություն է»,-ասաց Մելիքյանը։
Իրավաբանի խոսքով՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործի քննիչները իրավունք չունեն ասելու, որ իրենք իրավաբան են։
«Ֆեյքը մեղադրվում է պատերազմի ժամանակ այլընտրանքային ինֆորմացիա տալու համար։ Ուրեմն Արծրունը, որ խաբում էր բոլորիս, դա հանցագորություն չէր, իսկ ֆեյքը, որի հրապարակումներից մի մասը ճիշտ է դուրս եկել, վտանգավո՞ր է», - ասաց Մելիքյանը։

Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Անժելա Էլիբեգովան արցախյան գործընթացում մեծ ներդրում են ունեցել և տարիներ շարունակ անմասն չեն մնացել բանակցային պրոցեսից: Ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Կարեն Բեքարյանի, Արա Սաղաթելյանի և Անժելա Էլիբեգովայի հետ ես տասնամյակից ավելի աշխատել եմ տարբեր կառույցներում, նրանց հետ հատկապես ակտիվ եմ եղել այն փուլում, երբ Արցախում էի աշխատում, իմ ամենօրյա բոլոր խորհրդակցությունները սկսվում և ավարտվում էին նրանցով: Նրանք այն մարդիկ են, որ մեծ ներդրում են ունեցել արցախյան գործընթացում, և այսօր այդ մարդիկ քաղաքական հետապնդումնների զոհ են դառնում »,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը նշեց՝ գործիչները, որոնք էական գործողություններ են իրականացրել Ադրբեջանի դեմ իրականացվող գործողություններում, քաղաքական հետապնդման են ենթարկվում, և ինչ որոշում էլ կայացնի դատարանը, Կարեն Բեքարյանի դեմ նման գործողությունները արդարացված չեն:

Տիգրան Աբրահամյանը հավելեց՝ բոլոր այն անձինք, որոնք խոչընդոտ են այս իշխանության համար, դառնալու են քաղաքական հետապնդումների և ճնշումների զոհ:
«Մի կողմից այս գործընթացը ցույց է տալիս պետական ինստիտուտների ոչնչացված լինելը կամ այդ ճանապարհին գտնվելը, մյուս կողմից ցույց է տալիս հետպատերազմական իրավիճակում իշխանությունների բուռն ցանկությունը՝ ամեն գնով պահելու իրենց իշխանությունը, և այդ ճանապարհին ով կամ ովքեր խոչընդոտ են իշխանության համար, սպառնալիք են ստեղծելու, նրանք հետապնդվելու են»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ գրել էր, որ երբ ՊՈԱԿ-ը դեռ ֆեյքաբուծարան չէր, այլ թուրք-ադրբեջանական դուետի դեմ քարոզչական պատերազմի լուրջ գործիք, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, մշտապես օգտագործել եմ ՊՈԱԿ-ի պատրաստած ֆիլմերը՝ Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի հայկական ջարդերի վերաբերյալ, որոնք անգնահատելի զենք էին ադրբեջանցիների դեմ քարոզչական պատերազմում։

«Այդ ՊՈԱԿ-ը, որի գործունեությունը բացառապես արտաքին քարոզչական պատերազմն էր, ղեկավարում էր Արիկ Սաղաթելյանն ու թուրքերի դեմ հիբրիդային պատերազմի առաջնագծում էին Անժելա Էլիբեգովան ու Կարեն Բեքարյանը։
Անգամ Բաքվի Միլի Մեջլիսում, մինչ անվտանգության ազերի աշխատակիցները կհասցնեին ինձ դուրս հրավիրել, ես հասցրեցի տարածել այն ժամանակվա ՊՈԱԿ-ի պատրաստած հակաադրբեջանական նյութերը։
Երբ թուրքահպատակ անգլիացի պատգամավոր Բոբ Վոլթերը ԵԽԽՎ-ում ուզում էր անցկացնել իր հակահայ խայտառակ բանաձեւը՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով, Արիկի գլխավորած ՊՈԱԿ-ի կազմած սխեմայի միջոցով, որի մասին մի օր կխոսեմ, մեզ հաջողվեց տապալել հակահայ այդ բանաձեւը։
Ուստի, միանգամայն օրինաչափ է, որ այսօր Արիկին պիտի կալանավորեին», - գրել է ԲՀԿ պատգամավորը։
Հիշեցնենք, որ Կարեն Բեքարյանին մեղադրում են ռազմական դրության ռեժիմի պայմաններում տեղեկություններ տարածելու կանոնը խախտելու մեջ, նրան մեղադրում են պատերազմի ընթացքում կեղծ օգտահաշիվներով հրապարակումներ անելու համար: Հիշեցնենք, որ դատարանը նույն մեղադրանքով 2 ամսով կալանավորել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին: