Բավ է պառակտվել
18-10-2016 12:40

Կոտայքում վթարից տուժած քաղաքացիները դուրս են գրվել «Հրազդան» բժշկական կենտրոնից

Կոտայքի մարզում այսօրվա ավտովթարից մահացած Հռիփսիմե Գասպարյանի եղբայրը` Հրանտը, որը ևս վթարի ժամանակ եղել է մեքենայում և վնասվածքներ է ստացել, «Հրազդան» ԲԿ-ից դուրս գրվելուց հետո տեղափոխվել է Երևանի թիվ մեկ համալսարանական կլինիկա` համակարգչային տոմոգրաֆիայի:

Այս մասին  հայտեց «Հրազդան» ԲԿ-ի գլխավոր բժշկի տեղակալը, որն ավելի վաղ հայտնել էր, որ բոլոր հիվանդները դուրս են գրվել:

«Ոչ միայն Հրանտին, այլև մեքենայի վարորդին ու մի աղջկա ևս հարազատները տարել են Երևան, քանի որ նրանց գլուխների վրա քերծվածքներ կային: Բայց իրենց վիճակը նորմալ էր, թե չէ ինչո՞ւ էինք դուրս գրում»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը:

Կոտայքի մարզում այսօր՝ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում միմյանց բախված Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաների վթարից տուժած քաղաքացիները, որոնք բոլորը ուսանողներ են, դուրս են գրվել «Հրազդան» բժշկական կենտրոնից:

Այս մասին հայտնեց «Հրազդան» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սասուն Հովհաննիսյանը:

«Ութն էլ Վարսեր գյուղից են և բոլորը գնացել են տուն: Հիմնականում` սալջարդեր են, մեկի մոտ անրակի կոտրվածք էր, հրաժարվեց պառկելուց »,- հայտնեց Սասուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել էր:
Սասուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ աղջիկը `1996 թ. ծնված Հռիփսիմե Գասպարյանը, հիվանդանոց է բերվել արդեն մահացած:

Իսկ Վարսերի գյուղապետ Զավեն Հարությունյանը մահացած աղջկա, նրա ընտանիքի մասին ասաց. «Կրթված ընտանիք են, մայրը` ուսուցչուհի է, հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, քույրը սովորում է բժշկականում, եղբայրը` ռոմանագերմանականում» : Նաև գյուղապետը նշեց, որ մահացած երիտասարդ աղջիկը ամուսնացած կամ նշանված չէր: