Բավ է պառակտվել
24-11-2020 19:34

«Վարչապետի հետ հանդիպումը չի գոհացրել մեզ»․ Անհետ կորած զինծառայողների ծնողները ՌԴ դեսպանության դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր շարունակել են իրենց բողոքի ակցիան։ Նրանք առավոտյան նախ հավաքվել են պաշտպանության նախարարության, ապա՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքերի դիամց։ Օրվա երկրորդ կեսին ծնողներն արդեն կառավարության շենքի առջև են հավաքվել։ Հայտնի չէ, թե քանի անհետ կորած ու գերեվարված զինծառայող կա։
«Բոլոր երեխաները մերն են, կարևորը գտնեն ու տան մեզ»․ այս խոսքերով, նամակ խնդրագրով անհետ կորած զինծառայողների ծնողների անուն –ազգանուններով առանձնացված ցուցակներով պաշտպանության նախարարության մոտից այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները շարժվեցին ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ուղղությամբ։ Նամակը ստացել է դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը։ Նա խոստացավ՝ ամեն ինչ կանեն, որպեսզի աջակցեն անհետ կորածների հարազատներին՝ երեխաներին գտնելու համար։ Ծնողների պահանջը մեկն է՝ դուրս բերել շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին, որոնել, գտնել ու փոխանցել իրենց հարազատների դիերը։

Ծնողների պնդմամբ, շրջափակման մեջ են հատկապես հարավային հատվածի զինծառայողները։ Նրանց այդ հատվածներից պետք է շատ արագ դուրս բերել։ «Գիտենք,որ այդ հատվածներում բազմաթիվ վիրավորներ ու դիեր կան։ Պատերազմի ընթացքում կարող եմ ասել, որ ամենաշատ զոհեր եղել են Ջաբրայիլի տարածքում։ Քանի որ մեր 2100 հոգանոց գնդի դեմ ադրբեջնական երկու կորպուս է հարձակվել՝ 8–10 հազար հոգի։

Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ Գառնիկ Բարսեղյանը հայտնեց, որ իր թոռը` Մարտիրոս Բարսեղյանը, 1 տարի 4 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվել է։ Զինվորը Ջաբրայիլում է գտնվել պատերազմական օրերին և վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 11-ին։
«Գիշերը 11-ի կողմերը զանգեց ու շատ ցածր էր խոսում։ Երբ հարցրի` ինչ է եղել, ասաց` պապի, հետո կասեմ ու անջատեց հեռախոսը։ Գիտեմ, որ թոռս ոտքից վիրավոր է եղել։ Հիմա ոչ ինքը կա, ոչ էլ գումարտակը` 9 զինվորներով։ Ասեղ չեն մեր տղաները, որ կորան»,–ասաց Բարսեղյանը։

Մեկ այլ զինծառայողի հայր էլ ասաց, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած հանդիպումն իրենց չի գոհացրել։
«Վարչապետը ներողություն խնդրեց մեզնից, որից հետո մի քանի հարցեր ուղղեցինք նրան։ Հետո ասաց` կարևոր հանդիպման է անհետ կորած զինծառայողների հարցերով ու դրանից հետո հանդիպումը շարունակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ»,–ասաց նա։

Ռազմագերիների ու քաղաքացիական անձանց գերեվարման մասին տեղեկատվությունը կողմերը ստանում են տարբեր աղբյուրներից։ Այսօր ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութերի մի մասը ունեն անհայտ ծագում,շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Արմինե Գևորգյան