Բավ է պառակտվել
03-12-2019 21:15

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր տարին կդիմավորի բանտում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև 30-ը արձակուրդ կմեկնի։ Սա նշանակում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր տարին կդիմավորի բանտում:
Դատական այսօրվա նիստում Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ արձակուրդում կլինի, ուստի դատական նիստը կհետաձգվի մեկ ամսով։ Միակ բանը, ինչ հաջողվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին, դա մինչև իր արձակուրդ մեկնելը Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելն է:
Փաստաբան Հայկ Ալումյանը կոչ արեց այս շաբաթ ևս մեկ դատական նիստը նշանակել, սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկեցին։
Սակայն ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ այս նիստին միջնորդությունը չի ներկայկացվի, քանի որ այն կապված է անձնական երախշավորությամբ ազատ արձակելու հետ։
Իսկ մինչ նիստը լրագրողների հետ զրույցում Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանից լրագրողները հարցրեցին, թե կարծիքներ կան, որ դատական գործով պաշտպանական կողմը միջնորդություններով հետաձգում է բուն դատավարությունը, Լևոն Քոչարյանը նշեց.
«Մենք ձգձգելու նպատակ չունենք, ասում են՝ հեսա այնպիսի բաներ են պարզվելու: Ամբողջ նյութը կա, շատ ցուցմունքներ հրապարակվեցին, միշտ պատրանք են ուզում ստեղծեն, որ հեսա ինչ-որ բան է լինելու։ Ոչ բան էլ չի լինելու, և ինչ էլ լինի, հիասթափեցնելու է: Ինչ վերաբերում է բուն դատավարության ձգձգվելուն, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ, իրեն չե՞ն ուզում բողոքեն: Նոր Հայաստանի իրենց նոր դատավորին թող բողոքեն՝ ամեն օր նիստ դրվի: Փաստաբանները բացատրեցին՝ եթե այս փուլում դատախազների միջնորդությունը չներկայացնեն, հետո չեն կարող»:
Իսկ արդեն նիստում ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Յուրի Խաչատուրովի ազատ տեղաշարժման արգելքը փոխվի, վերացվի սահմանահատման արգելքը: Միջնորդությանը միացան Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն անհիմն է, քանի որ չի պարունակում քրեադատավարական պահանջ: Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:
Յուրի Խաչատուրովը իր ելույթում, հակադարձելով դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն դիտարկմանը, որ այս պահին խաչատուրովի վրա սահմանահատման արգելք դրված չէ, ասաց որ դատախազները ճիշտ չեն ասում։
«Ես Բագրատաշենում էի ու ոստիկանության փոխգնդապետն ասաց,որ գտնվում եմ այդ ցուցակի մեջ: Ես երկուսուկես ժամ սպասել եմ, որ զանգեն Երևան, ճշտեն: Ես ցանկանում էի այցելել հորս գերեզմանին և վերադառնալ, բայց չթույլատրեցին: Ինձ հավատացեք, ես խաբելու միտք չունեմ, իսկ Վրաստան ես ուզում էի մեկնել, որովհետև այնտեղ են իմ ծնողների և կրտսեր եղբորս գերեզմանները»,–ասաց Խաչատուրովը։

 

 

Արմինե Գևորգյան