Բավ է պառակտվել
25-10-2021 22:29

Հայաստանի բուհերը ժամանակավորապես կանցնեն հեռավար ուսուցման, դպրոցական արձակուրդները կերարաձգվեն

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, տեղեկացնում է գերատեսչության մամլո ծառայությունը։
Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն կիրականացվի առցանց ուսուցմամբ:
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները՝ նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:
Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:
«ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով», - ասվում է հայտարարությունում։
COVID-19-ի իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը Հայաստանում գործել է վեց ամիս՝ 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ։ Խորհրդարանի կողմից համապատասխան օրենքների փաթեթում փոփոխություններ մտցնելուց հետո Հայաստանի կառավարությունը ողջ հանրապետությունում մտցրեց կարանտին, որը երկու անգամ երկարաձգվեց և ներկայումս գործում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։
Հոկտեմբերի 25-ի առավոտվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 296 552 հաստատված դեպք, մեկ օրում նոր դեպքերի թիվը կազմել է 1184 (նախորդ օրը՝ 2354)։ Ընդհանուր առմամբ կատարվել է կորոնավիրուսի 2 006 632 թեստ։ Մահացել է 6055 մարդ, ապաքինվել է 261 952, բուժումը շարունակում է 27 284 հիվանդ։