Բավ է պառակտվել
14-08-2022 19:35

Պայթյուն է տեղի ունեցել Երևանի խոշոր առևտրի կենտրոնում (լուսանկարներ)

Պայթյուն է տեղի ունեցել Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ առևտրի կենտրոնում, հայտնում է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ միջադեպի հետևանքով կան տուժածներ։

Նախնական տվյալներով՝ ժամը 13.23-ին «Սուրմալու» մանրամեծածախ առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ 1 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել, տեղում աշխատում է 6 մարտական ​​հաշվարկ, հայտնել է նա։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով, աշխատանքներում ներգրավված է քաղաքապետարանի 14 ջրատար, 8 բեռնատար և 3 տրակտոր, ինչպես նաև 21 մարտական ​​հաշվարկ։ Պայթյունից տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, ինչպես նաև «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ։ Տուժածների մասին տեղեկություններ կարելի է ստանալ՝ զանգահարելով 911 թեժ գիծ։

Հայաստանի ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ է անում քաղաքացիներին չմոտենալ Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայր։

Ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի և հասարակական կարգի պահպանություն, կարգավորում հարակից փողոցների երթևեկությունը և մասնակցում պայթյունի վայրից տուժածների դուրսբերման և բժշկական հաստատություններ տեղափոխման աշխատանքներին:

Տարածքը շրջափակված է ոստիկանական ուժերով։

Տվյալները թարմացվում են