Բավ է պառակտվել
03-08-2020 12:24

Պայթյուն՝ Տավուշի Բերդ քաղաքի ոստիկանության շենքի մոտ. հարուցվել է քրգործ

Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննություն է տարվում՝ պարզելու ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարուցվել է քրեական գործ։

Համաձայն մամլո ծառայության հաղորդագրության, 2020 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Բերդի բաժնի վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են շենքի պատերը և աշխատասենյակների պատուհանների ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս։
Հարուցվել է քրեական գործ՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է նռնակի օղակ և դրա բաղկացուցիչ դետալ:
Կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: