Բավ է պառակտվել
05-03-2021 13:31

«Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն»․ մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Մարտի 5-ը պետական և ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ (stratilata - Հայոց բանակի գերագույն գլխավոր հրամանատար) Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 62 տարեկան:

Այսօր, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին և նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դրվեցին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից:

Իր հերթին, Արցախի հերոս, Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը գրել է.

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։

Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս չամրագրած՝ այն վստահ համոզմունքն ենք ունենալու, որ եթե այսօր նա լիներ մեզ հետ․․․, իրադարձությունները կընթանային այլ հունով։
Սակայն այսօր մենք բախվել ենք այլ իրականության:

Եվ մեր պա՛րտքն է շարունակել պայքարը հանուն հայի, Հայաստանի ու Արցախի լինելիության՝ հավերժ վառ պահելով Վազգեն Սարգսյանի, այս լուսանկարից մեզ նայող մեր լուսահոգի ընկերների, հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած բոլոր քաջ հայորդիների հիշատակը»։