Բավ է պառակտվել
02-10-2019 19:31

Ես կարեկցում եմ Արսեն Թորոսյանին․Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են: Այսօր նրա փաստաբան Արսեն Սարդարյանն մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում անդրադարձան Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Դավիթ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա։ Ըստ նրա՝ դա կեղծ ցուցմունքն է:

«Ես կարեկցում եմ Թորոսյանին, հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ և դա կեղծ ցուցմունքն է, ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ։ Կարևորը դա չէ, կարևորը պետության շահն է, իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է»,- հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են`2019 թվականի ապրիլ ամսից: Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ ինքը վարչապետին ասել է` եթե անվստահություն կա իր նկատմամբ, պատրաստ է հրաժարական տալ: Մինչդեռ վարչապետը չի համաձայնել: Ասել է`կա ցուցմունք, քրեական գործի ավարտից հետո կհասկանանք: Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել`պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով, խոսքը վերաբերում է հեմոդիալիզի հայտնի գործին: Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել` չհեռանալու մասին ստորագրությունը:
Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանն իր հերթին ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները, ֆեյսբուքյան գրառումները, որտեղ Դավիթ Սանասարյանն ընկերական բնույթի խոսակցության ժամանակ ասել է, որ օրենքի տառին համապատասխան պետք է իրականացվի առողջապահական սարքավորումների գնման մրցույթի գործընթացը:
«Հետևյալ իրավաբանությունը կա, որ եթե հիմք ընդունենք Թորոսյանի ցուցմունքը, եթե եղել է հանցակազմ, ապա նա օժանդակողն է, այլապես ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն, որ Առողջապահության նախարարությունն այս գործընթացին աջակցում է՝ իմանալով, որ ՊՎԾ աշխատակիցներն են մասնակցում տենդերին, այդտեղ հանցակազմ չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ Դավիթ Սանասարյանը չի իմացել, որ իր աշխատակիցները մասնակցում են տենդերին, հետևաբար՝ նրա գործողություններում հանցակազմ չկա։
Պաշտպանն ասում է, որ այս դրվագը իրավապահները դիտարկել են «խմբային շահ», բայց անգամ մեղադրանքում գրված չէ, որ Դավիթ Սանասարյանը շահագրգռություն է ունեցել, մինչդեռ մեղադրյալի կարգավիճակ է ստացել:
Նշենք,որ ԱԱԾ-ն այցելել էր Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն այնտեղ փնտրում:
«Իմ համար աբսուրդ էր, նյարդայնացնող էր, որ փորձում էին նախ կնոջս աշխատավայր գնալ ու անձնական գործեր ուզել, բայց այդ դեպքում աշխատողի համաձայնությամբ պետք է լինի, իսկ կինս համաձայնություն չէր տվել, ու իրենք վրդովվել էին, չգիտեմ` այլ ձևով կփորձեն էդ բանի տակից դուրս գա՞լ, թե՞ ոչ: Բացի դրանից՝ գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլև մեծ տղայիս նախկին դպրոց: Չեմ հասկանում՝ էս մարդիկ ի՞նչ էին ուզում գտնել, դարի կոռուպցիոների՞ն էին ման գալիս, ի՞նչ էին անում: Հարց ունեիք, ինձ հետ պարզեիք: Փորձել են ճշտել, թե ինչ վճարում եմ արել, ինչ եմ արել, ով է վճարել, երբվանից է երեխան դպրոց գնում»,- մանրամասնեց Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ բամբասանքները շատ են, պետք չէ դրանց հետևից գնալ:
«Նյութ եք ուզում, բայց բամբասանքներ են ու ամենացավալին այն է, որ ԱԱԾ-ն կարողացել է նման ռեսուրս ծախսել բամբասանքները ստուգելու վրա, և այդ ռեսուրսը ծախսելուց հետո հաստատվել է, որ բամբասանքը մնում է բամբասանք»,- ասաց պաշտպանը:

 

Արմինե Գևորգյան