Բավ է պառակտվել
16-12-2020 13:33

«Ես իմ տղուն կպահանջեմ»․ գերեվարված զինծառայողների հարազատները փակել են ճանպարհները (տեսանյութ)


Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի ադամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:

Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ: Փակ է Ազատանի հատվածը. քաղաքացիները նշում են, որ շրջափակման մեջ մնացած զինծառայողներից միայն ութն Ազատանից են: Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից:

«Ինչի՞ եք տարել ու թողել մեր երեխեքին, ինչի՞ տիրություն չեք արել։ Մեզի հեչ բան հետաքրքիր չէ. թող մեր էրեխեքին բերեն», – ասում են վրդովված գյուղացիները։

Ազատանցիներից մեկն ասաց, որ իր որդու հրամանատարից է իմացել, որ նա գերության մեջ է։
«Երեք օր տղես չի զանգել, կամանդիրներն ասել են` գերի է ընկել։ Ես բան չեմ պահանջե, իմ տղուն կպահանջեմ», – ասում է ազատանցին։

Ավելի վաղ զինծառայողների հարազատները փակել էին նաև Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը` հանդիպում պահանջելով մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Մարզպետը նրանց ուղղորդել է Պաշտպանության նախարարություն, որտեղ գործում է հեռախոսահամար՝ հարցերն ուղղելու համար, սակայն զինծառայողների հարազատները նշում են, որ ՊՆ-ից նրանց որևէ տեղեկություն չեն հայտնում:

Այս պահին Շիրակի մարզպետարանի մոտ են հավաքվում նաև Քեթի գյուղի բնակիչները: Տեղեկություններ կան, որ փակ է նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, ինչպես նաև Գյումրից Բավրա գնացող ճանապարհը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: ՊՆ-ն հայտնել էր, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։ Այսօր Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Նախարարությունը հայտնեց, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։
Իսկ նախօրեին մեզ հետ զրույցում Հին Թաղերի  համայնքապետ Էդիկ Այվազյանն ասաց, որ իրեն էլ հետաքրքիր, թե ինչու խաղաղապահները հրաժարվեցին Հին Թաղերից և Խծաբերդից։

«Ինչու զինադադարի պայմաններում եկան հարձակվեցին, վիրավորներ տվեցինք, գերիներ վերցրեցին, ռուսը եկավ, փոխանակ կանգնի, տվեց իրենց ու գնաց»։
Էդիկ Այվազյանը  զարմացած է՝ 44 օր հայկական ուժերն ու կամավորները այս գյուղերն անառիկ  պահեցին, որ թուրքը ոտք չդնի, ու հիմա չեն հասկանում,  թե ով ինչ է պայմանավորվել։ Արցախի իշխանությունները մինչ այս պահը որևէ բացատրություն չեն տվել։

«Իսկ շաբաթ օրվա մարտերից  հետո վիրավորներին մի կերպ հանել են, գերիների մասով ոչ մի բան չեն արել, տարածքը տվել են թուրքին ու դուրս եկել, իրենց քարտեզից էլ ջնջել։ Մեր գյուղը էնքան հին ա․ ոչ մի անգամ թուրք չի մտել, այսօր մտավ։ Մի գրչի հարվածով ամեն ինչ տվեցին, ու չգիտես ինչի համար»։

Արմինե Գևորգյան