Բավ է պառակտվել
02-03-2015 12:35

Երևանը գրավել է առաջին տեղը Մարտի 8 ճամփորդությունների վարկանիշում

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8- ի նախաշեմին Travel.ru զբոսաշրջության կայքի կողմից կազմված ճամփորդությունների վարկանիշում առաջին տեղում է հայտնվել Երևանը, որի մեկ օրվա բյուջեն կազմում է 34 եվրո: «Այդ յուրօրինակ մշակութային կենտրոնը և գրավիչ հյուրընկալ քաղաքը ձեզ կպարգևի տոնական տրամադրություն: Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Արին բերդ բլրի ստորին հատվածում գտնվող Էրեբունի թանգարանը: Հենց այստեղ էր մ.թ.ա. 782 թվականին գտնվում ուրարտական Էրեբունի բերդ-քաղաքը: Ավելի քան մեկ ու կես հազար նմուշները կպատմեն այս տեղերի զարմանալի պատմության մասին: Երևանը հինավուրց, պատմությամբ հարուստ և միաժամանակ ժամանակակից քաղաք է: Այստեղ մթնոլորտը լի է հավատքով, հույսով և սիրով, որն այդքան հոգեհարազատ է կանանց»,- նշում են վարկանիշի հեղինակները: Բացի այդ վարկանիշի մեջ է ներառվել վերջին տարիներին զբոսաշրջիկների սերը վայելող 20 մատչելի քաղաք: Ճամփորդության արժեքի բյուջեի մեջ ներառվել է մարտի 8 – 9 ընկած ժամանակահատվածում մեկ օրով երկու հոգու համար նախատեսված կացությունը մատչելի հյուրանոցում, ինչպես նաև ճաշը սրճարանում կամ ռեստորանում և տեսարժան վայրերի այցելությունը: Օրեկան 34- 52 եվրո արժողությամբ մարտի 8-ը նշելու համար մատչելի ճամփորդությունների համար առավել հարմար քաղաքների առաջին տասնյակում են նաև Նովի Սադը (Սերբիա)՝ 41 եվրո, Վիտեբսկը (Բելառուս)՝ 42 եվրո, Բիթոլան (Մակեդոնիա)՝ 43 եվրո, Կոնստանցան (Ռումինիա)՝ 46 եվրո, Տարտուն (Էստոնիա)՝ 47 եվրո, Գդանսկը (Լեհաստան)՝ 48 եվրո, Քութաիսին (Վրաստան)՝ 50 եվրո, Պլզենը (Չեխիա)՝ 51 եվրո և Կաունասը (Լիտվա)՝ 52 եվրո: Քաղաքների ամենաթանկ եռյակում են Համբուրգը (Գերմանիա)՝ 73 եվրո, Թուրքուն (Ֆինլանդիա)՝ 91 եվրո և Անթվերպենը (Բելգիա)՝ 94 եվրո: