Բավ է պառակտվել
25-07-2019 16:04

Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող երիտասարդները չեն զորակոչվի Հայաստանի բանակ

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերից ընդունել է որոշում, համաձայն որի թեթև աստիճանի մտավոր հետանացություն ունեցող երիտասարդները չեն զորակոչվի բանակ։

“Պարզվել է, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա”,-ասված է փաստաթղթում:

Նշվել է, որ այս ոլորտում տարվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

“Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար”,- նշված է փաստաթղթում:

Ապրիլի 12-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է “Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին” օրենքում փոփոխությունները, որոնք հստակեցնում էին տարկետումից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկը, թույլատրելով բանակ զորակոչել թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց՝ անկախ նրանց վարքագծից։