Բավ է պառակտվել
23-10-2021 18:56

Վաշինգտոնից փաստաբանները նոր գործեր են ներկայացրել ՄԻԵԴ ադրբեջանական գերության մեջ 20 հայ ռազմագերու անհետացման և 10-ի սպանության վերաբերյալ

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։

Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը, փաստաթղթերը վերաբերում են ադրբեջանական գերությունում անհայտ կորած 20 անձի։

«ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել», - ասվում է հայտարարությունում։

Անհետացած հայ ռազմագերիներն են․ Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան, Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։
Նշվում է, որ իրավական այս գործողությունների նպատակն է ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին, բայց մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:
ALC-ն և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի:
«Անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտնի են այդ ինը գերեվարված հայերի անունները․ Հարություն Անդրիասյան, Սարգիս Հարությունյան, Անդրանիկ Շահնազարյան, Արմեն Մարտիրոսյան, Սմբատ Ավետիսյան, Ռոման Մարգարյան, Հարություն Մկրտչյան, Գևորգ Արշակյան և Գարիկ Բարսեղյան: Եվս մեկ հայ՝ Արթուր Մանվելյանը վիրավորվել է 2020թ․ հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից, սպանության պահը տեսագրվել է և զետեղվել համացանցում։
ALC ղեկավար Քեն Խաչիկյանը նշել է, որ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ «Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում», - ընդգծել է Խաչիկյանը։