Բավ է պառակտվել
02-04-2020 20:35

Երևանում 10 օրում կառուցվել է ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մոդուլը (տեսանյութ)

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Երևանի “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցին կից նոր մոդուլի կառուցման ընթացքի տեսանյութը։

“10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար”,- գրել է նա։

Օրերս Թորոսյանը հայտնել էր, որ ինֆեկցիոն հիվանդանոցին կից մոդուլային ընդունարանն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով․ մեկուսացված մոդուլները սարքավորված են օդափոխության համակարգով, ջեռուցմամբ, հակահրդեհային ազդանշանային համակարգով և ինտերնետ կապով։

Հինգշաբթի ԱՆ ղեկավարն ասել է, որ ներկայումս Հայաստանում արդեն 16 բուժհաստատություն զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, այնտեղ են գտնվում նաև հիվանդների հետ շփում ունեցած անձինք։ Ըստ նրա, ենթադրվում է, որ հիվանդության ավելի թեթև ընթացքով պացիենտները հիվանդանոցներից կտեղափոխվեն հյուրանոցներ։

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 հաստատված դեպք։ Ապաքինվել է 33 հիվանդ, 5 անձ մահացել է։