Բավ է պառակտվել
19-11-2020 18:33

44 օրվա ընթացքում սուտը քայքայել է մեր երկիրը. Մովսես Հակոբյան

Պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են։ Առաջին օրվանից Արցախում էի. կամավորական ջոկատները գալիս են, փայլուն տղերք են, որևէ սպառազինություն, հանդերձանք չունեն։ Զորամասերում նրանց համար նախատեսված որևէ հանդերձանք և սպառազինություն չկա։ Գալիս են երկրի նախագահի մոտ, մի ժամ խոսում են իրենց հայրենասիրության մասին, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում են, այդքան զբաղեցնում են հրամանատարին, թե ինչքան իրենք հայրենասեր են և ինչի համար են եկել։ Բանակի հրամանատարը պետք է մտածի՝ ինչ ճարի, որ բերի իրենց սպառազինի և ուղարկի։ Ինչ-որ մի ձև հարցը լուծում են», - ասաց Մովսես Հակոբյանը։
Ջոկատների մի մասին, նրա խոսքով, ուղարկել են ՊԲ 9-րդ պաշտպանական շրջան՝ պաշտպանություն իրականացնելու, նրանք հրաժարվել են, ասելով, թե ցանկանում են Ասկերանում կռվել։

Մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:



«Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև զինվորների քանակը քիչ է և չի բավարարում ամեն տեեղ զինվոր ունենալուն», - ասաց նա:
Մովսես Հակոբյանը նշեց, որ իր ազատման վերաբերյալ հրապարակված հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը։ Սա առանձին թեմա է։
«Երբ ես իմացա, թե ում է նշանակել, ասել եմ՝ դուք նշանակել եք ԳՇ պետ ամենաանպատրաստ գեներալին՝ Արտակ Դավթյանին»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն առաջարկելու էր այն մարդուն, որը հիմա գլխավորում է գլխավոր շտաբը:
«Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը: Սա դավաճանություն չի, անգրագիտություն է, պատերազմի արվեստին, ղեկավարման արվեստին չտիրապետելն է: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ առկա խնդիրների մասին ես գրավոր ներկայացրել եմ»:

Նա պատմեց, զորացրվելու որոշում կայացրել է դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են, զեկուցագիր չի գրել՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում իր որոշումը վնաս կհասցնի զինված ուժերին, որոշել է սպասել պատերազմի ավարտին։
«Չնայած ես այդ օրը նման որոշում եմ կայացրել, բայց շարունակել եմ իմ հնարավորությունների սահմանում աջակցել բանակին իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական՝ բայց միջնորդների միջոցով ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Որոշումս վերջնական կայացրել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ ու իր խոսքերով, վնգստացողներին դուրս մղել հրապարակից։ Այդ պահին ես կյանքի եմ կոչել իմ որոշումն ու զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,-մանրամասնեց ՊՆ նախկին պաշտոնյան։
Հակոբյանն ասում է՝ նախկինում զինվորականները չեն խոսել, քանի որ առանց թույլտվության զինվորականներն իրավունք չունեն հարցազրույցներ տալ, հայտարարություններ անել։ Այդ որոշման համահեղինակներից մեկն էլ ինքն է ու ճիշտ է համարում դրանք, անգամ զսպել է ու չի արձագանքել իր հասցեին արված վիրավորանքներին։
«Հիմա ինչո՞ւ եմ ուզում խոսել, քանի որ 44 օրվա ընթացքում սուտը քայքայել է մեր երկիրը և տարել ավելի խոր ճգնաժամի։ Հիմա ես ուզում եմ ոչ թե մեղավորներ փնտրել ու գտնել, այլ հաշվի առնելով առկա ճգնաժամը, այն որ իմ հնարավորություններով ու պաշտոնով ես չեմ կարողացել ազդել, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ երկրի վարչապետն ու շատ իշխանավորներ երկիրը կառավարում են ֆեյսբուքով, որոշել եմ այս միջոցով հասարակությանն ու ղեկավարությանը հասցնել իմ խոսքը»,-նշեց նա։

Արմինե Գևորգյան