Բավ է պառակտվել
17-08-2016 17:13

Ծխող կանանց թիվը Հայաստանում կրկնապատկվել է. փորձագետ

Հայաստանում ծխում է բոլոր կանանց շուրջ 6 տոկոսը: Այս ցուցանիշը ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր կրկնապատկվել է, հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

«Մինչ Հայաստանի անկախացումը երկրում ծխում էր կանանց մոտ 3 տոկոսը, ովքեր հիմնականում 50 տարեկանից բարձր էին, շատ չնչին տոկոս էին կազմում ուսանողուհիները և միջին տարիքի կանայք: Այսօր իրավիճակը փոխվել է», - նշեց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադիբեկյանի խոսքով, Հայաստանի գրեթե բոլոր ծխողներին միավորում է այն փաստը, որ նրանց ծնողները ևս ծխող են:

«Երբ ծնողը ծխում է, նա բարոյական իրավունք չունի իր երեխային արգելելու ծխել, ուստի ընտանիքներում, որտեղ ծխում են, ծխողների քանակը ավելի մեծ է, և նշանակություն չունի դա տղամարդ է, թե կին», - ավելացրեց սոցիոլոգը:

Ինչպես նշեց Ադիբեկյանը, Հայաստանի ծխող կանանց մեծամասնությունը գրասենյակային մենեջերներ են կամ գործազուրկներ:

«Հայ կանանց մոտ 15 տոկոսը այրիներ են, իսկ 20 տոկոս կանանց ամուսինները արտագնա աշխատանքի են: Այդ կանայք միայնակ են, ինչը ծանր ազդեցություն է ունենում նրանց հոգեբանական առողջության վրա: Այս պարագայում աջակցող միջոցներից մեկը դառնում է ծխելը: Բացի այդ, շատ է նաև ծխողների քանակը 30 տարեկանից բարձր չամուսնացած կանանց շրջանում», - պարզաբանեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ նախորդ տարի Հայաստանում մահացել է շուրջ 28 հազար մարդ, որոնցից 21 հազարը (75 տոկոս) հիմնականում մահացել է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից (սիրտ–անոթային հիվանդություններ, չարորակ ուռուցքներ և տուբերկուլյոզ):