Բավ է պառակտվել
28-08-2020 11:46

«Օրենքով գողերի» վրա իսկական որս է սկսվել իրավապահ մարմինների կողմից

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահները եռանդով լծվել են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների եւ ենթամշակույթի դեմ պայքարին։ Թեպետ նման խոստումներ տալիս էին դեռ 1 տարի առաջ, բայց դրանք գործնական տեսք են ստացել վերջին օրերին։ Իսկ վերջին շաբաթվա ընթացքում «օրենքով գողերի» բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, այդ թվում՝ Անդրանիկ Սողոյանը (հայտնի «Զապ» մականվամբ), Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը, Արտյոմ Կանեւսկոյը, Գող Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը եւ այլք։ Փորձ է արվում քրեածին տարրերի դեմ գործողությունները կապել «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» ՔԿՀ-ներում հատուկ ջոկատայինների կողմից կատարված գործողությունների հետ։ Ավելին, Օշականցու ձերբակալության հաղորդագրությամբ ասվում է, որ ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ՔԿՀ-ներում պահվող անձանց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գողականների այս «որսը» նաեւ քաղաքական դրդապատճառ ունի։ Ներքաղաքական անկայուն իրավիճակում իշխանությունները փորձում են բռնել նրանց վախը, քանի որ գաղտնիք չէ, որ օրենքով գողերն ու գողականները բավականին մեծ ազդեցության դաշտ ունեն եւ նախկինում համագործակցել են գործող իշխանությունների հետ, եթե նրանք որոշեն պայքարել գործողների դեմ, ապա իշխանությունների վիճակը շատ կբարդանա։ Ուստի որոշվել է հավաքել նրանց, մշակել, քրգործեր հարուցել եւ զգուշացնել, որ դրանք համապատասխան ընթացք կստանան, եթե իրենց լավ չպահեն»:
Այս նույն թեմային անդրադարձել է նաև «Ժամանակ» օրաթերթը: ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալված քրեական հեղինակությունները՝ «օրենքով գողերը», զբաղված են դատարանների հետ իրենց հարցերի կարգավորմամբ։ Մասնավորապես, տարբեր կապերով փորձում են հասնել նրան, որ դատարանները կալանք չնշանակեն։

Հիշեցնենք, որ միայն վերջին մի քանի օրում ձերբակալվեց երկու «օրենքով գող»՝ Զապը և Օշականցի Գևորիկը։ Վերջինիս հետ ևս երեք քրեական հեղինակություն և զոն նայող։

Վերջիններից ոչ մեկը կալանավորված չէ։ Պարզապես զավեշտալի է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող երկրում «օրենքով գողերը» դատարաններում հարց են լուծում և վստահ են, որ նոր Հայաստանի դատարանները իրենց չեն կալանավորի»։