Բավ է պառակտվել
15-11-2016 09:11

2 մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն երեքշաբթի գիշերը քրեական գործ է հարուցել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ՝ խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Նախարարն արդեն ձերբակալվել է.

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախարարի նկատմամբ հարուցած քրեական գործը կապված է «Ռոսնեֆտի» գործարքի հետ, որի համաձայն` ընկերությունը գնել է «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթի 50 տոկոսը։ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է դրական գնահատական տար պայմանագրին։ Նոյեմբերի 14-ին Ուլյուկաևը դրա դիմաց 2 մլն դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է:

Ինչպես հայտնել է ՔԿ-ի ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Պետրենկոն՝ խոսքը «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից կաշառք պահանջելու մասին է, որն ուղեկցվում էր սպառնալիքներով: Նախարարը բերման է ենթարկվել երկու միլիոն դոլար կաշառք ստանալու պահին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին շատ լուրջ մեղադրանք է առաջադրվել, ինչը «շատ լուրջ ապացույցներ է» պահանջում։

«Ամեն դեպքում, որոշում պետք է կայացնի միայն դատարանը», — հայտնել է Պեսկովը։ «Ես չգիտեմ` նախագահին այդ մասին տեղեկացրել են, թե ոչ», — ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։