Բավ է պառակտվել
31-01-2023 12:39

Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողների մահվան գործով ևս մեկ մեղադրյալ է ձերբակալվել

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողների մահվան գործի շրջանակներում դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում։

Ավելի վաղ ձերբակալվել էր N զորամասի նյութատեխնիկական ապահովման և կոմունալ ծառայությունների ղեկավարի տեղակալ Գ.Ա.-ն։

Գ.Ա.-ին և Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

«Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Մ.Ս.-ն, հանդիսանալով հրամանատար (պետ) և պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով հակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու, կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառման, բոլոր տեսակի կացարաններում կրակմարիչներ տեղադրելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ. արդյունքում անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: