Բավ է պառակտվել
22-03-2017 18:54

Բաբայանի ձերբակալումը կապված է քաղաքական հարցերը ոչ քաղաքական մեթոդներով լուծելու նրա ցանկության հետ. փորձագետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալումը կապված է քաղաքական խնդիրները ոչ քաղաքական մեթոդներով լուծելու նրա ցանկության հետ, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
« Ես կարծում եմ, որ այս ձերբակալումը հասարակության մոտ քիչ հարցեր չի առաջացնի: Ակնհայտ է, որ դա կապված է Սամվել Բաբայանի քաղաքական խնդիրների հետ, որոնք նա փորձում էր լուծել ոչ քաղաքական մեթոդներով: Ցավոք, վերջին ժամանակներս մենք հաճախ ենք նման փորձեր տեսնում, մասնավորապես՝ զենքի կիրառմամբ»,- «Նովոստի Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Մելիք-Շահնազարյանը:
Այդ կապակցությամբ փորձագետը հիշեցրել է, որ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն Բաբայանը կապ ունի «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համակարգի Հայաստան բերելու հետ, և փորձում էր այդ զենքն օգտագրծել քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով:
«Մեզ բավականին ռեզոնանսային գործ է սպասվում, և հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կներկայացնեն բոլոր ապացույցները, որպեսզի հասարակության մոտ հարցեր չմնան»,- ասել է քաղաքագետը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Բաբայանն ունի քաղաքական թիմ, և մարդիկ, ովքեր նրան ամեն կերպ աջակցում են:
« Բայց եթե արդեն սկսել են ձերբակալություններից, եթե կա գործակիցների թիմ, ապա ակներև է, որ նրանք իրենց կդրսևորեն: Հիմա, եթե դատենք հասարակության առաջին արձագանքից, ապա ես չեմ տեսնում, որ մարդկանց մոտ քաղաքական հետապնդման տպավորություն լինի: Նման գնահատականներ չկան»,- ասել է քաղաքագետը: