Բավ է պառակտվել
04-10-2022 09:08

Փաստագրվել է ադրբեջանցիների կողմից հայերի խոշտանգումների և սպանությունների 287 տեսանյութ. Թաթոյան

2020 թվականի աշնանը Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում միայն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ադրբեջանական զինվորականների կողմից հայերին միայն խոշտանգելու, գլխատելու, մարմինները մասնատելու 287 օբյեկտիվ [տեսանյութ] ապացույց են ամրագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նշված ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Բա ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը»,- հարց է տալիս նա։
Նրա խոսքով, միջազգային կառույցները պետք է նկատի ունենան, որ ադրբեջանական հանցանքները այդ երկրում տարիների հայատյացության պետական քաղաքականության հետևանք են։ «Միասնական շղթայի մասեր, ինչը փոքր-ինչ անգամ չի դադարել` պատված լինելով ադրբեջանական կեղծ խաղաղության շղարշով»,- գրել է Թաթոյանը։
Նա նաև միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է դեռ պատերազմի ժամանակ ու սա եզակի է, բայց բոլոր դեպքերն այնտեղ քննության առարկա են: