Բավ է պառակտվել
26-10-2016 17:03

Հայաստանի բանտարկյալները տեսահանդիպումների հնարավորություն կունենան

Հայ բանտարկյալները կարող են «Skype»-ով տեսակցություններ ունենալ, չորեքշաբթի Ազգային ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանի բանտարկյալների 30-35 տոկոսը երկրում բարեկամներ չունեն, ինչի հետ կապված չեն կարողանում օգտվել մտերիմների հետ տեսակցությունների իրավունքից: Զոհրաբյանի խոսքով, այդ բանտարկյալները խնդրում են իրենց հնարավորություն տրամադրել տեսակցությունների համար նախատեսված ժամանակ շփվել մտերիմների հետ, սակայն էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով, օրինակ` «Skype»-ով:

«Այսօրվա դրությամբ իսկապես նման խնդիր կա` հիմնականում կապված ֆինանսական ռեսուրսների հետ: Մենք բանակցություններ ենք վարում Կարմիր Խաչի հետ, և արդեն նախնական պայմանավորվածություն կա մեկ-երկու ՔՀԿ-ներին տեխնիկա տրամադրել` «Skype»-ով մտերիմների հետ տեսակցությունների կազմակերպման հնարավորության համար», - ասաց Քրմոյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նախարարությունը մշակում է էլեկտրոնային համակարգ, որը կներառի բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև` տեսահանդիպումներ:

Նախարարի տեղակալը հայտնեց նաև, որ հաջորդ տարի նախարարությունը նախատեսում է օրենսդրության արդիականացում և տեխնիկայով ապահովում իրականացնել` այդ խնդիրը միանգամից մի քանի ՔՀԿ-ներում լուծելու համար: